Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է, անհերքելի իրողություն է և հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:
Դաստիարակվելով իրենց հերոս հայրերի ու պապերի օրինակով' մեր փառապանծ բանակի քաջ զինվորները պատվով են կատարում իրենց առջև դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի և ժողովրդի անվտանգությունը, ամուր պահելով պետության սահմանները: Սա հայրենասիրության ու անձնվիրության վառ դրսևորում է:
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին' շարքային զինվորից մինչև գեներալ, և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ' ի փառս հայոց անկախ պետականության զորացման ու բարգավաճման»: