Հայոց բանակի ստեղծման 22-ամյակն այսօր նշել են ո´չ միայն մայրաքաղաքում, այլ նաև սահմանամերձ բնակավայրերում։ Տոնի կապակցությամբ Tert.am-ը զրուցել է սահմանամերձ որոշ գյուղերի գյուղապետերի հետ. ոմանք այն նշել են առանց հատուկ միջոցառումների՝ շնորհավորելով սահմանին կանգնած զինվորին, խաղաղություն մաղթելով ու հիշելով ընկած ընկերներին, իսկ օրինակ Չինարիում այս կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել։ Ըստ մեր զրուցակիցների՝ սահմանին ապրող մարդն ամենից լավ կհասկանա բանակի կարևորությունը, նրա դերն ու առաքելությունը։

 

Tert.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի խոսքով՝ օրը սկսել է դիրքեր այցելելով, բայց միջոցառումներ, որպես այդպիսին, չեն կազմակերպել, դեռ երեկոյից սահմանին կրակոցներ են լսվում։

 

«Եղել եմ այսօր դիրքերում, գնացել եմ զինվորների մոտ, զրուցել եմ, շնորհավորել եմ, իմացել եմ ինչպես է վիճակը։ Երեկոյան կրակոցներ են եղել դիքերի վրա, մի քանի օր է կրակում են,–նշեց գյուղապետը և իր շնորհավորական խոսքը հղեց տոնի առիթով,–շնորհավորում եմ, բանակի օրը բոլորիս տոնն է, ոչ միայն զինվորների օրն է, այլ մանավանդ սահմանամերձ գյուղերի ժողովրդինը, ցանկանում եմ խաղաղություն և տղաներին զգոնություն»։

 

Իսկ Չինարիում՝ տոնել են. գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում արդեն տոնական տրամադրություն ուներ ու հասցրել էր կենացներով շնորհավորել Հայոց բանակի 22-ամյակը։

 

«Ցանկացած սահմանամերձ գյուղի բնակիչ իրեն համարում է զինվոր, այնպես որ ոչ միայն սահմանին կանգնած զինվորների տոնն է այսօր, այլ մեր բոլորիս։ Մեկս մյուսին շնորհավորում ենք առավոտից։ Բանակը մենք ենք ծնել, մենք ենք մեծացրել ու այսօր էլ հպարտանում ենք ունեցածով։ Մենք գոնե լավ գիտենք ինչ է զինվորը, բանակը, մենք ինքներս զինվորներ ենք, ու մեր բանակի կողքին էլ կանգնած ենք»,-ասաց նա։

 

Գյուղապետի խոսքով՝ ընկերներով, «ահելով ու ջահելով» հավաքվելուց բացի, տոն են կազմակերպել նաև գյուղի մյուս բնակիչների համար. «Կուլտուրայի տանը երաժշտություն ենք միացրել, մեր երեխաներն էլ այսօր դասարան- դասարան երեկո են կազմակերպել, պետք է նշեն, իհարկե»։

 

Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանի խոսքով՝ սահմանի վրա ապրող մարդն այսօր ամենից լավ կհասկանա բանակի կարևորությունը, նրա դերն ու առաքելությունը։ «Այսօր մեր պաշտպանության նախարարը, Նախագահի հետ հատուկ ուշադրություն են դարձնում սահմանամերձ շրջաններին, խնդիրները հնարավորինս լուծվում են ու պետք է ասենք, որ զինվորից բացի սահմանը անառիկ է հենց այնտեղ ապրող բնակչով»,-ասաց նա։

 

Թեև հակառակորդի կողմից միշտ էլ կրակոցներ են լինում, բայց մտահոգվելու առիթ, ըստ նրա, գյուղացիները չունեն։ «Փառք Աստծո սահմանին կանգնած մեր զինծառայողները միշտ զգոն են, արձագանքում են շատ արագ ու թույլ չեն տալիս նրանց մտահղացումն իրականանա։ Ես առաջին հերթին մեզ բոլորիս խաղաղություն եմ մաղթում, մեր սահմանին կանգնած զինծառայողներին՝ ուժ ու կորով, նրանց ընտանիքներին համբերություն, բոլորին՝ առողջություն։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրն իր մեջ տեսնի ազգի զինվորին, որ հարկ եղած դեպքում պատրաստ լինի համալրել մեր բանակի շարքերն ու կանգնել հայրենիքի պաշտպանության կողքին»,-ասաց նա։

 

Գեղարքունքի մարզի սահմանամերձ Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը իրեն համարում է բանակի ստեղծողներից մեկը և հպարտությամբ է դրա մասին խոսում։ «Բանակի ստեղծողներից մեկը ես եմ. 20 տարի ծառայել եմ հայկական բանակում, հիմա էլ համայնքի ղեկավարն եմ։ Ամբողջ գյուղն է մասնակցել սահմանի պաշտպանությանը կռվի ժամանակ, ու գյուղով էլ հենց բանակի հիմքում կանգնած ենք»,-նշեց նա։

 

Սարգիս Այունցը նշեց, որ այսօր էլ հավաքվել են զինակից ընկերներով, երիտասարդ, նոր սերնդի հետ, ովքեր պատերազմին չեն էլ մասնակցել և հավաքույթ անցկացրել։ «Հիշել ենք մեր անցած ճանապարհը, մեր զոհված ընկերներին, հարազատներին, ամեն ինչ հայկական ձևով։ Սրտանց շնորհավորում եմ բոլորին, խրամատում կանգնած զինվորից մինչև զոհված զինծառայողների ընտանիքներին»,-ասաց նա։