Սիսիանի քաղաքային պանթենում հունվարի 31-ին զինվորական կարգով հուղարկավորեցին հայ-ադրբեջանական շփման գծի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Կարեն Գալստյանին:
Հուղարկավորությանը մասնակցել է Կարենի զորամասի հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։
«Նրա մահը բոլորի ողբերգությունն է, սա բոլորի ցավն է. սպանել են հայ զինվորի: Դրա համար եկել են շատ ծանոթ-անծանոթ մարդիկ: Ամբողջ քաղաքն ա մասնակցում թաղմանը: Տեսնում ես մարդկանց, որոնք նրան անգամ չեն ճանաչել, բայց կանգնած արտասվում են: Ծնողների, հարազատների վիճակն էլ շատ վատ է»,- NEWS.am-ին պատմեց Կարենի ընկերներից մեկը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 30-ին Կարեն Գալստյանի հիշատակին մոտ հարյուր քաղաքացիներ մոմառություն են անցկացրել Սիսիանի հրապարակում տեղադրված Կարենի լուսանկարի մոտ եւ երթով քայլել դեպի զոհված զինծառայողի տուն:
20-ամյա Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր. բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր: Սովորել է Սիսիանի գիշերօթիկ դպրոցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը:
NEWS.am-ի հետ զրույցում Կարենի եղբայր՝ Բաբիկ Գալստյանը, պատմել էր, որ եղբոր հետ խոսել է մահվանից մեկ օր առաջ. «Հաճախ խոսում էինք, էդ դեպքից առաջ էլ խոսացինք, ինքը շատ ուրախ էր, լավ տրամադրություն ուներ: Դե 4 ամիս էր մնում վերադարձին, մայիս-հունիսին կգար արդեն: Միշտ գոհ ա եղել ծառայությունից»: