Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանը հատած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին: Այս մասին տեղեկացնում են ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Այսօր Բաքվի մեր գործընկերները այցելել են վերջրես Ադրբեջանի տարածքում հայտնված հայ գերուն: Այցելության ընթացքում նրան են փոխանցել իր ընտանիքի նամակը»,- ասաց Զառա Ամատունին' հավելելով, որ ԿԽՄԿ պատվիրակները մշտապես կմնան կապի մեջ' թե Բաքվի իշխանությունների, թե հայ գերու ընտանիքի անդամների հետ:
Հարցին, թե ինչ են հայտնել ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ նրա ձեռքը կոտրվել է, Զառա Ամատունին նշեց, որ նորություն չի կարող հայտնել այս փուլում' Մամիկոն Խոջոյանի և նրա ընտանիքի շահերից ելնելով:
Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանի անհետացման մասին ահազանգ է ստացվել, նրան վերջին անգամ տեսել են հունվարի 28-ին' ժամը 14.00-15.00-ի սահմաններում' գյուղում արարողության ժամանակ:
Խոջոյանը երեք որդի և երեք դուստր ունի, սակայն բնակվել է միայնակ: 77-ամյա գյուղացին առողջական խնդիրներ է ունեցել և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության ներքո: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հունվարի 28-ին հայտնել էր հայ-ադրբեջանական շփման գիծը հատած քաղաքացու մասին, որը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ եղել է «զինված դիվերսանտ»:
Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին:
Տարածված վարկածին, թե իբր Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է կամ նրանց ուղեկցող, չեն հավատում անգամ Բաքվում: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնեւյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է:
«Արմենպրես»