Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենն իր հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար դատական գործ է հարուցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

«Մեծ կոռուպցիա» գործողությունից հետո Թուրքիայի վարչապետն ամեն անգամ ծանր մեղադրանքներ է ներկայացրել Գյուլենին և նրա հետևորդներին: Մեղադրող կողմը պահանջում է, որպեսզի Էրդողանը վճարի 100 հազար թուրքական լիրա (ավելի քան 56 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում:

 

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ.-ից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: