Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2012 թվականին կնքված համագործակցության համաձայնագրով' մեր երկիրը ձեռք կբերի նոր հեռահար և գերճշգրիտ միջոցներ, կապի և ավտոմատ կառավարման համակարգ, կհամալրի հակաօդային պաշտպանության միջոցներն ու հատուկ զորամասերը: Այդ մասին, ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցին, տեղեկացրեց ՀՀ պաշտպ անության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Համաձայնագրի շրջանակներում մենք նոր որակի բարձրացրեցինք մեր երկրի անվտանգության ապահովման մակարդակը՝ հաշվի առնելով Թուրքիայի առկայությունը և, ընդհանրապես, Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա ռազմավարական գործընկերությունը»,- ասաց նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ մեր երկիրը անվտանգության ապահովման հետ կապված որևէ մտահոգություն չունի:

 

Նախարարի խոսքով՝ վերջին ժամանակներս հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունից հետո սահմաններին լարվածություն է տիրում, կրակոցների քանակը 5-6 անգամ ավելացել է: Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն Ադրբեջանի իրականացված դիվերսիոն գործողությանը հայկական կողմը պետք է անպայման պատասխանի:

 

Ըստ Օհանյանի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հակառակորդը իրականացնում է գիշերային պայմաններում՝ լուսարձակումներով, անիվներ վառելով, անօդաչու թռչող սարքերով: Նախարարը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: «Մեզ չի մնում այլ բան, քան հակառակորդին պատժել և դա մենք շարունակելու ենք»,- ընդգծեց Օհանյանը:

 

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից' հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: