Սիրիայում հակակառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին որպես մոջահեդ Ադրբեջանի քաղաքացիների մասնակից լինելու եւ վերջին շրջանում մեծ թվով զոհեր ունենալու մասին մամուլում արված հրապարակումներից հետո Ադրբեջանի սունի եւ շիա կրոնական համայնքների ղեկավարները սկսել են մեղադրել միմյանց Սիրիա արմատական իսլամիստներ ուղարկելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է axar.az լրատվական կայքը, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի ղեկավարած Կովկասի մահմեդականների վարչության լիազոր ներկայացուցիչ Սուրխայ Մամեդլին հայտարարել է, որ իրենք մեծ թվով բողոքներ են ստանում այն մասին, որ «Աշուր» մզկիթում (սունիական), որը հայտնի է որպես «Լեզգի մզկիթ», զբաղվում են ադրբեջանցիներին Սիրիա ուղարկելով: «Երիտասարդներն այդ մզկիթում նամազ անելուց հետո ընկնում են արմատական խմբերի ազդեցության տակ»,- ասել է նա:

 

«Լեզգի մզկիթում», սակայն, հերքում են այդ մեղադրանքները եւ պնդում, որ համայնքի ամբողջ գործունեության ընթացքում Սիրիա կռվելու է մեկնել ընդամենը մեկ մարդ: Բաքվի լեզգիական մզկիթում տեղակայված «Սամուրի հավատացյալներ» կրոնական համայնքի ղեկավար Ֆաիգ Մուստաֆան այդ մեղադրանքները զառանցանք է անվանել: «Հաջի Սուրխայի բոլոր ասածները զառանցանք են, մենք ոչ մեկին չենք հավաքագրում եւ չենք ուղարկում Սիրիա: Ընդամենը մեկ դեպք է եղել, ինչի մասին ես տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին: Մեզ մոտ նամազի են գալիս հարյուրավոր հավատացյալներ, մենք չենք վերահսկում նրանց գործողություններն ու մտադրությունները»,- ասել է Մուստաֆան:

 

Ֆաիգ Մուստաֆան Կովկասի մահմեդականների վարչությանը մեղադրել է կանխակալություն դրսեւորելու մեջ: «Եթե հաջի Սուրխայը իրապես անհանգստանում է Ադրբեջանի' Սիրիայում կռվող քաղաքացիների համար, ապա ինչո՞ւ նա չի հետաքրքրվում Նարդարանի եւ Մաշտաղայի մզկիթներից (շիա) Բաշար Ասադին պաշտպանելու մեկնած ադրբեջանցիներով: Նրանցից ոմանք անգամ վերադարձել են հետ' Ադրբեջան: Վարչությունը չի ուզում նկատել այն ադրբեջանցիներին, ովքեր կռվում են Ասադի համար, եւ հարձակվում է մեզ վրա այն բանի համար, որ մեր ծխականներից մեկը մեկնել է պատերազմ», հայտարարել է նա :

 

Չնայած միջազգային կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հրապարակումներին, Ադրբեջանի պաշտոնական շրջանակները մինչ այժմ բոլոր միջոցներով հերքում էին Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող արմատական իսլամիստական խմբավորումնների շարքերում Ադրբեջանի քաղաքացիներ լինելու հանգամանքը: Սիրայում հակակառավարական ուժերի շարքերում որպես մոջահեդ Ադրբեջանի քաղաքացիների կռվելու վերաբերյալ պնդումների հետ կապված' Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԱԳՆ մակարդակով հանգամանորեն ուսումնասիրում է Սիրիայում մարտական գործողություններին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014թ.-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն հասել է 17-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի 250-ից ավելի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցիներ: 2013թ.-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: Ադրբեջանի օրենսդրությամբ' այն օտարերկրյա զինված ջոկատներում երկրի քաղաքացիների մասնակցությունը, որոնք չեն ենթարկվում Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, ծանր քրեական հանցագործություն է եւ որակվում որպես վարձկանություն:

 

Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ Ադրբեջանի միջեւ կապերը սկսվել են 1990-ականների սկզբին' ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհաջողություններ կրող եւ կորուստներ տալով հետ շարժվող ադրբեջանական բանակն ու երկրի ղեկավար Հեյդար Ալիեւը, փորձելով փրկել իրավիճակը, ԼՂՀ հայ բնակչության դեմ պատերազմում ներգրավել են միջազգային ահաբեկիչների եւ արմատական խմբավորումների անդամների Աֆղանստանից (Գուլբեդին Հիքմեթյարի խմբավորում), Թուրքիայից («գորշ գայլեր» եւ այլն), Չեչնիայից (Բասաե ւի, Ռադուեւի խմբավորումները եւ այլն) եւ այլ շրջաններից:

 

Չնայած նրան, որ ադրբեջանական բանակի կազմում հազարավոր արտասահմանցի վարձկաններ եւ ահաբեկիչներ էին կռվում, ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ դեմ անհաջողությամբ ավարտվեց, եւ Բաքվի իշխանությունը հարկադրված զինադադար ստորագրեց ԼՂՀ եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Սակայն, այդ տարիներին միջազգային ահաբեկիչները անհրաժեշտ կապեր հաստատեցին Ադրբեջանի հետ եւ հարյուրավոր ադրբեջանցիների զինվորագրեցին ու ուղարկեցին Աֆղանստան եւ Հյուսիսային Կովկաս: