Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգայի կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հարցազրույցին, որում վերջինս խոսելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, ասել էր, որ առաջարկում է այս օրենքում մտցնել փոխկապակցված անձանց հասկացություն, որպեսզի բացառվի քավոր–սանիկական հարաբերությունները։ Դավիթ Սարգսյանն ասում է, որ, այո, ինքը վարչապետի քավոր-սանիկն է, և դա երբեք չի թաքցվել։ «Նման հարաբերությունները մեր ազգին բնորոշ են դարեր ի վեր։ Իմանալով պարոն Բագրատյանի վերաբերմունքը եկեղեցուն' և հատկապես Հայ առաքելական եկեղեցուն, չեմ զարմանում, որ նման հարաբերություններն իր մոտ զայրույթ են առաջացնում»,– ասում է նա։
– Պարո՛ն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե Դուք՝ որպես ՀՀ ֆինանսների նախարար, պետության գլխավոր հաշվապահն եք և չեք կարող լինել փոխկապակցված՝ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ Կառավարության մեկ այլ անդամի, իսկ ավելի ճիշտ՝ վարչապետի հետ։
– Գիտեք, ես շատ բարձր եմ գնահատում հաշվապահի մասնագիտությունը։ Դա լուրջ մասնագիտական գիտելիքներ պահանջող մասնագիտություն է։ Ցավոք, ես հաշվապահ չեմ, նման մասնագիտություն չունեմ։
– Բայց պարոն Բագրատյանն ասում է, որ ֆինանսների նախարարը պետության հաշվապահն է։ Այսինքն՝ Դուք չե՞ք բավարարում ֆինանսների նախարարին ներկայացվող պահանջներին։
– Ֆինանսների նախարարի պաշտոնն առաջին հերթին քաղաքական պաշտոն է։ Ցավում եմ, որ մեր երկրի նախկին վարչապետը մինչև հիմա դա չի հասկացել։ Միաժամանակ տարակուսում, որ չի հասկացել. նա բոլոր հնարավոր ու անհնար ոլորտներում ամենագիտակն է։ Ամենալավ վիճակագիրն է, երբ վիճակագրությունից են խոսում, ամենալավ հաշվապահը, երբ հաշվապահությունից են խոսում, ամենալավ գազի մասնագետը, երբ խոսում են գազի խողովակների տեխնիկական սպասարկումից և այլն։ Երևի պետական կառավարումից այդպես էլ բան չհասկացավ։
– Բայց Դուք ու վարչապետը քավոր-սանի՞կ եք։
– Այո՛, և դա երբեք չի թաքցվել։ Նման հարաբերությունները մեր ազգին բնորոշ են դարեր ի վեր։ Իմանալով պարոն Բագրատյանի վերաբերմունքը եկեղեցուն' և հատկապես Հայ առաքելական եկեղեցուն, չեմ զարմանում, որ նման հարաբերություններն իր մոտ զայրույթ են առաջացնում։ Ամեն ինչ իր մոտ էլ ավելի է խորանում, երբ լսում է գործող վարչապետի անունը։ Ինչպես հենց պարոն Բագրատյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշեց, ամեն ինչ շատ պարզ է. պատգամավոր Բագրատյանն ինքն է ցանկանում վարչապետ դառնալ (ավելին՝ միշտ պատրաստ է) ու այդ նպատակին հասնելու համար բոլոր միջոցները կիրառում է։ Մա՛րդ է, պաշտոն է ուզում։