«Փառատոնը Լևոն Սարգսյանինը չէ և փառատոնը Գյումրունն է, գյումրեցիներինն է: Առաջարկն արվել է հիմնադրամի կողմից և այդ առաջարկն ընդունողը կամ չընդունողը քաղաքապետը կամ քաղաքապետարանը չէ, այլ ավագանին: Եթե ավագանին գտել է, որ պետք է տա, ապա պետք է տա, ո′չ ես կարող եմ այդ գործընթացին խառնվել, ո′չ դուք, ոչ էլ քաղաքապետը»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը:

 

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու այսօրվա նիստում որոշվել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությանը քաղաքի բյուջեից 5 մլն դրամ հատկացնել: Այս որոշումն ուշագրավ է այնքանով, որ վերոնշյալ հատկացման համար Գյումրիի քաղաքապետարան էր դիմել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ «Վերածնունդ» փառատոնի համանախագահ Լևոն Սարգսյանը: Ավագանու անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել այս որոշմանը: Գրել էր Lragir.am-ը:

 

«Այլ հարց է, թե արդյո՞ք կան տեղեր, որտեղ դրանք ավելի նպատակահարմար էին ծախսել: Ես կարծում եմ' ցանկացած ծախս կարող է լինել արդյունավետ, ձեր կարծիքով այն կարող է լինել ոչ արդյունավետ և այսպես շարունակ: Օրինակ' Գյումրի քաղաքի բյուջեն 3 միլիարդից մի փոքր ավել է, մայրաքաղաքում մենք կարող ենք տեսնել ծախսեր, որոնք կարող են Գյումրի քաղաքի բյուջեի զգալի հատվածը լինել»,-ասաց քաղաքապետի խոսնակը:

 

Վերջինիս խոսքով' ավագանիում հարցը քննարկվել է. ավագանին մեկ դեմ, մնացածը' կողմ ձայներով ընդունել է: «Ժողովուրդն ընտրել է ավագանի, իսկ ավագանին էլ որոշում է կայացնում, թե որտեղ և ինչպես ծախսի գումարները»,-ասաց Զոհրապ Եգանյանը: