Արևմտյան մի շարք երկրներ Մոսկվային առաջարկում էին քննարկել Սիրիայի հումանիտար իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձև, սակայն դրա դրույթները կտրված են իրականությունից: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 11-ին հայտարարել է Ալժիրի իր պաշտոնակցի հետ Մոսկվայում բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնքում է ria.ru-ն:

 

«Մեզ դիմել էին Անվտանգության խորհրդում արևմտյան մեր գործընկերները և առաջարկում էին համագործակցել բանաձևի մշակման հարցում: Այն գաղափարները, որոնք նրանք ներկայացրել էին մեզ, բացարձակապես միակողմանի են, փաստերից կտրված և անտեսում են այն, ինչ արվում է հումանիտար օգնություն հասցնելու համար»,-ասել է Լավրովը:

 

Նշենք, որ Սիրիա, մասնավորապես, Հոմս քաղաք հումանիտար օգնություն հասցնելու հետ կապված իրադրությունը գլխավոր խնդիրներից մեկն է, որոնց լուծումը Ժնևի բանակցություններում փորձում էին գտնել երկրի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները: