ԱՄՆ հայտնի զբոսաշրջային Tripadvisor.com ինտերնետային կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդգրկվելու փաստն Ադրբեջանին կրկին իրականության խեղաթյուրման քայլերի է մղել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Ադրբեջանական հիստերիայի արդյունքում երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշում է կայացրել դիմել կայքի տնօրինությանը: Բացի դրանից, նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Tripadvisor.com-ում տեղ գտած հյուրանոցները, որոնք առաջարկվում են զբոսաշրջիկներին, պետք է ունենան Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության համապատասխան լիցենզիան, որն այս պահին չունեն:

 

Հարցին միջամտել է նաև այդ երկրի արտգործնախարարությունը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը ԱՊԱ-ին հայտնել է, որ հարցն ուսումնասիրվում է, և դրա առնչությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել դիվանագիտական ներկայացուցիչներին:

 

Նշենք, որ ամերիկյան հայտնի Tripadvisor.com կայքը անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և այլ լեզուներով այցելուներին է ներկայացնում աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջային վայրերը և հյուրանոցները: