ՀՀ նկարիչների միությունն ուղիղ մեկ շաբաթ իր հարկի տակ կհյուրընկալի մի շարք երիտասարդ նկարիչների հարյուրից ավելի աշխատանքներ: Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդ ստեղծագործողների 6-րդ ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` տիկնոջ ուղեկցությամբ: Փետրվարի 15-22-ը տևող ցուցահանդեսն իր հարկի տակ էր հավաքել բազմաթիվ նկարիչների, արվեստագետների ու արվեստասերների: «Արդեն վեցերորդ անգամ ենք մեր դռները բացվում այս գեղեցիկ միջոցառման համար: Ամեն տարի այս օրը բացվում է ՀՀ նկարիչների միության անդամների և ոչ անդամների ստեղծագործությունների ցուցահանդես, և մենք նշում ենք ամենագեղեցիկ օրերից մեկը: Ժամանակին այս օրվան այսքան ուշադրություն չէինք դարձնում: Սերն այն հիմքն է, որի շնորհիվ մարդկությունն առաջ է գնում: Այս ցուցահանդեսն այն ապացույցն է, որ մենք կողմ ենք սիրուն»,- շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` նշեց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

 

ՀՀ վարչապետը մեծ ուշադրությամբ զննեց բոլոր ստեղծագործողների աշխատանքները: Նա հարցեր էր ուղղում հեղինակներին, հետաքրքրվում նկարի ստեղծման պատմությամբ, զրուցում էր երիտասարդների հետ: Նաիրա Թանգամյանի «Ինքնանկարը» ևս գրավեց Տիգրան Սարգսյանին: «Այս նկարում նկարագրված է այն գործընթացը, որի մեջ ես գտնվում եմ, երբ ստեղծագործում եմ: Պատկերված են իմ դազգահը և ես: Ինձ թվում է' երբ ես չեմ ստեղծագործում, ինձ մոտ դանդաղ մահ է սկսվում»,- նշեց Թանգամյանը:

 

Երիտասարդ ստեղծագործողը ցուցահանդեսին ներկայացրել էր չորս տարբեր գոբելեն աշխատանքներ: «Գոբելենը բավականին մեծ համբերություն և աշխատանք է պահանջում: Շատ քչերն են սրանով զբաղվում: Ինձ համար շատ հաճելի է, հանգստացնում է»,-եզրափակեց Նաիրա Թանգամյանը:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ևս ներկա էր միջոցառմանը: Միջոցառման ավարտին նա նշեց, որ հեռանում է դրական տպավորություններով:

 

«Հավանեցի նկարներից մի քանիսը և խնդրել եմ, որ նրանցից մեկը' Սիրարփի Օհանյանի «Դավթի հանդիպումը Սուրբ Սարգսին» թեմին նվիրեն' ի հիշատակ այս գեղեցիկ օրվա: Այլ ստեղծագործություններ, նկարներ ևս դուր եկան, բայց այս նկարն առանձնացավ, քանի որ պատկերված էին Սուրբ Սարգիսը և Սասունցի Դավիթը: Աշխարհի բոլոր գործերը ներշնչված են Աստվածաշնչից, երիտասարդները ներշնչվելու հիասքանչ առիթ ունեն»,- հավելեց տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

 

Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի նշվում է փետրվարի 15-ին: Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սուրբ Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում, որի ավարտին կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Սուրբ Սարգսի տոնախմբություններն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: