Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ու ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն գործատուներին հիշեցնում են հունվարի պարտադիր կուտակային վճարների կատարման վերջնաժամկետի մասին: ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:
Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով: