Գիշերային ժամերին վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար կսահմանվի 20 հազար դրամի տուգանք' նախկին 10 հազարի փոխարեն: Այդ նպատակով կառավարությունը փետրվարի 20-ի իր նիստում կքննարկի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

Միաժամանակ, տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար նախատեսվում է պատասխանատվությունը խստացնել' տուգանքի չափ սահմանելով 20 հազար դրամը, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում պատասխանատվություն է սահմանվում 50 հազար դրամի տուգանքի ձևով:

 

«Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխա նատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ:

 

Նման լուսային և ձայնային ազդանշանների կիրառումը վերջին տարիներին լայն տարածում է ստացել, բացի այդ, ձայնային ազդանշանների արձակումը հանրային վնասակարության բարձր աստիճան ունի. վերջիններիս կիրառման կանոնները խախտելու արդյունքում, մասնավորապես գիշերային ժամերին, վտանգվում է ճանապարհային երթևեկությունը, առաջանում են վթարային իրադրություններ, ինչպես նաև խախտվում է քաղաքացիների անդորրը: Պրակտիկան ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցների վարորդները հիմնականում շրջանցում են օրենքի նորմերի պահանջները սանկցիայի ոչ այնքան բարձր լինել ու պատճառով: Այսինքն' այս դեպքերում սանկցիան խստացնելով, միաժամանակ, կանխվում է նաև վարորդների հնարավոր օրինազանց վարքագիծը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: