Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել ընդդիմությանը փոխզիջման գնալ եւ ընդհանուր լեզու գտնել հանուն երկրի ապագայի: Այդ մասին ասված է պետության ղեկավարի՝ ազգին հղված ուղերձում, որը զետեղված է նախագահի կայքում:
«Ես միշտ էլ սխալ մոտեցում եմ համարել ուժի կիրառումը: Կա ավելի լավ ու արդյունավետ եղանակ՝ ընդհանուր լեզու գտնելը, փոխզիջման գնալը, համաձայնության գալը: Ես արդեն քանիցս ասել եմ, որ այդ դեպքում իշխանությունները որոշ չափով կկորցնեն: Կկորցնի նաեւ ընդդիմությունը, բայց կշահի Ուկրաինան»,- նշել է Յանուկովիչը:
«Մենք արդեն չափազանց թանկ գին ենք վճարել այն մարդկանց հավակնությունների համար, ովքեր ձգտում են իշխանության: Բայց, որպեսզի այդ գինն էլ ավելի բարձր չլինի, կոչ եմ անում՝ սթափվեք: Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փրկել Ուկրաինան»,- ասել է նախագահը: «Ես հաստատակամորեն կոչ էի անում ձեռնպահ մնալ արմատական գործողություններից, բայց ինձ չանսացին»,- հավելել է նա:
«Այժմ մենք բոլորս պետք է գիտակցենք մի բան՝ նույնիսկ ամենախիստ դիմակայությունը կավարտվի: Իսկ Ուկրաինան պետք է հավերժ մնա: Սա է մեր խնդիրը: Եվ սա է մեր գլխավոր նպատակը»,- ընդգծել է Յանուկովիչը:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ընդդիմության առաջնորդներն անտեսել են ժողովրդավարության հիմնական սկզբունքը, իշխանության հասնում են ոչ թե փողոցներում կամ հրապարակներում, այլ միայն ընտրական տեղամասերում: «Ես քանիցս ասել եմ նրանց. շուտով ընտրություններ են լինելու: Եթե ժողովուրդը վստահի փեզ, կգաք իշխանության: Եթե ոչ՝ իշխանություն չեք ունենա: Բայց թե այս, թե այն պետք է տեղի ունենա օրինականորեն, սահմանադրության համաձայն»,- նշել է Յանուկովիչը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կիեւում ընդգրկուն փողոցային անկարգությունները վերսկսվել են փետրվարի 18-ին՝ Գերագույն ռադայի նիստի օրը, որտեղ ընդդիմությունը պահանջում էր վերադարձնել կառավարման խորհրդարանական-նախագահական ձեւը՝ վերականգնելով 2004 թվականի սահմանադրությունը: Միլիցիայի տվյալներով՝ ընդդիմադիրներն առաջին անգամ հրազեն են կիրառել: Ըստ վերջին տվյալների՝ տուժել են գրեթե 300 իրավապահներ, զոհվել է յոթ միլիցիոներ: