Ուկրաինայի կառավարությունը «պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի երկրում բռնություններին վերջ դնելու համար»: Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ փետրվարի 19-ին մեքսիկական Տոլուկա քաղաքում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Մեքսիկայի եւ Կանադայի ղեկավարների հետ կայացած հանդիպման արդյունքներին:
«Ուկրաինայի կառավարությունն այն գլխավոր մարմինն է, որը պետք է նպաստի բռնությունից խուսափելու համար բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»,- նշել է Օբաման:
Նրա կարծիքով՝ Կիեւում իշխանությունները պետք է ընդդիմության հետ սերտորեն համագործակցեն ծագող սուր հակասությունների խաղաղ լուծման հասնելու համար: Անհրաժեշտ է, որ «հատուկ նշանակության ուժերը հեռանան Ուկրաինայի քաղաքների փողոցներից, իսկ իշխանությունները պետք է աշխատեն ընդդիմության հետ», նշել է Օբաման: Նրա կարծիքով՝ դա կարեւոր քայլ կդառնար Կիեւի կողմից «միջազգային հանրակցության աջակցությունն ստանալու համար՝ ապահովելու եկող տարի այդ երկրում նախագահական ընտրությունների ազատ անցկացումը»:
«Ուկրաինացիները հպարտ մարդիկ են եւ քանիցս հաղթահարել են շատ լուրջ խնդիրներ, հուսով եմ, որ դա տեղի կունենա նաեւ այժմ»,- ասել է պետության ղեկավարը:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման՝ մեկնաբանելով Վիկտոր Յանուկովիչի կառավարության եւ ընդդիմության միջեւ հրադադարի կնքումը՝ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ «դա կարող է հնարավորություն բացել հակամարտության լուծման համար»: «Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար՝ ապահովելու ժողովրդավարությունն այդ երկրում»,- հավելել է Օբաման: