Մտավոր սեփականության հարցը Մաքսային միությանը անդամակցելու «ճանապարհային քարտեզի» այն կետերից է, որոնք արդեն համապատասխանեցվել են ՄՄ չափանիշներին, և Հայաստանը պատրաստ է ստորագրելու անհրաժեշտ երկու համաձայնագրերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ, Մտավոր սեփականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Խաչիկյանը։

 

Նրա խոսքով, Մաքսային միությանն անդամակցելիս անհրաժեշտ է, որ, ի թիվս այլ համաձայնագրերի, Հայաստանի Հանրապետությունը միանա նաև մտավոր սեփականության բնագավառին վեևրաբերող երկու համաձայնագրերի։ «Առաջինը 2010 թվականի դեկտեմբերի 9-ի մտավոր սեփականության իրավունքների պահպանության և պաշտպանության բնագավառի կարգավորման միասնական սկզբունքների մասին համաձայնագիրն է, իսկ երկրորդը' նույն թվականի մայիսի 21-ի Մաքսային միության անդամ երկրների Մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի մասին համաձայնագիրը։

 

Մտավոր սեփականության բնագավառի կարգավորմանը վերաբերող հիմնական սկզբունքները սահմանված են մի շարք միջազգային պայմանագրերով, որոնց անդամակցում են ինչպես Մաքսային միության անդամ երկրները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը։ Այս կապակցությամբ համաձայնագրում տեղ գտած սկզբունքները հիմնականում համընկնում են միջազգային պայմանագրերով ամրագրված մոտեցումներին, հետևապես նաև՝ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված դրույթներին»,-ասաց Խաչիկյանը։ Նա նշեց, որ համաձայնագրին միանալու հետ կապված խնդիրներ չկան, և Հայաստանը պատրաստ է ստորագրելու դրանք։

 

2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը, որի իրականացման միջոցառումների ծրագիրը հունվարին հաստատել է ՀՀ կառավարությունը: Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: