Mediamall.am-ն սկսում է հարցումների շարք, պարզելու համար, թե հասարակությունը ինչպես է գնահատում իր մարզպետների աշխատանքը: Հարցումների ամփոփմանը զուգահեռ կներկայացվեն փաստեր, թե ինչպիսին է իրական վիճակը այն մարզերում, որտեղ նրանք պաշտոնավարում են:
Շարքում առաջինը լինելու պատիվը, որպես «ամենաերկարակյաց» մարզպետի, տրված է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին:
Առաջին հարցումը անցկացվել է հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գործունեությունը»:
Հարցվածների մեծամասնության համար՝ 41% (1040 ձայն), Արմեն Ղուլարյանի աշխատանքը միևնույն է, 38%-ի (970 ձայն) համար մարզպետի կատարած աշխատանքը անբավարար է: «Բավարար» տարբերակներն ընտրել է հարցվածների 8% տոկոսը (210 ձայն), «Գերազանց» տարբերակը' 8%-ը (200), իսկ «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 5%-ը (130 ձայն):
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 2550 ընթերցող:
Արմեն Ղուլարյանը Հայաստանի իշխանական համակարգի հնաբնակներից է: 1990-1996 թվականներին աշխատել է Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմում որպես նախագահի պաշտոնակատար, 1996-1999թ.՝ Իջևանի քաղաքապետ, իսկ 1999 թվականից՝ ՀՀ Տավուշի մարզպետ։ Փաստորեն, նա որպես մարզպետ պաշտոնավարում է արդեն 15 տարի՝ շուրջ մեկուկես տասնամյակ իշխանությունների համար մնալով միակ անփոխարինելի հենարանը:
Ինչ փոփոխություններ է արձանագրել մարզը նրա պաշտոնավարման տարիներին, քանի աշխատատեղ է ստեղծվել, անհայտ է, միայն հայտնի է, որ ավանդաբար քիչ արտագաղթի ցուցանիշ ունեցող տարածաշրջանում ևս արտերկիր մեկնողների թիվը աղետալի չափերի է հասել: Գյուղատնտեսությունը, զրկված լինելով պետական լուրջ աջակցությունից, դարձել է տնտեսության ոչ շահավետ ճյուղ. ավանդաբար խաղողագործությամբ զբաղվող շատ ընտանիքներ այս տարի դադարեցրել են զբաղվել գյուղատնտեսության այս ճյուղով, որովհետև բանկերը գյուղատնտեսությանը ֆինանսավորում են չափազանց բարձր տոկոսներով, իսկ մթերումները մշտապես կատարվում են ցածր գներով:
Եթե խոշոր արդյունաբերական' չգործող կամ կիսատ գործող ձեռնարկություններ ունեցող մարզերում գործազրկության բարձր մակարդակն ինչ-որ տեղ հասկանալի է, ավանդաբար գյուղատնտեսական աշխատանքում ներգրավված մարզի բնակիչները պետք է գործազրկության խնդիր չունենային մի փոքր պետական աջակցության դեպքում:
Տավուշը բացառիկ մարզերից է, որտեղ ճիշտ կառավարման շնորհիվ կարելի էր բարձր արդյունավետությամբ տնտեսություն ունենալ, որովհետև, բացի խորը արմատներ ունեցող գյուղատնտեսությունից, փայտի, քարի և այլ տեսակների արդյունահանումից, խիստ զարգացած է տուրիզմը՝ շնորհիվ անզուգական բնության:
Մինչդեռ ի՞նչ ճիշտ կառավարման մասին է խոսքը: Շատերին է հայտնի, որ տարիներ առաջ հիմնադրված Իջևանի «Քարարտ» քարի վերամշակման գործարանը, որը զբաղվում է ֆելզիտի և տրավերտինի մշակմամբ, պետք է կառուցվեր հանքերի մոտ՝ Նոյեմբերյանի շրջանում, սակայն խոսակցություններ տարածվեցին, որ մարզպետն արգելել է գործարանի կառուցումը Նոյեմբերյանում և պահանջել է, որ կառույցը լինի միայն իր հայրենի Իջևանում: Դժվար է ասել՝ գավառական հայրենասիրությունն էր այդ քայլի պատճառը, թե' սեփական փայաբաժնի մասին խոսակցությունները, սակայն ակնհայտ է, որ մարզպետի արգելքի պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում: Պատկերացրե՛ք՝ որքան է ավելանում հումքի ինքնարժեքը, երբ քարը ավտոքարշակներով գործարան հասցնելու համար 70-80 կմ լրացուցիչ ճանապարհ է անցնում:
Այս ամենի ֆոնին միակ մխիթարական երևույթն այն է, որ մարզում գոնե մեկ ընտանիք Արմեն Ղուլարյանի պաշտոնավարության ընթացքում հսկայական կապիտալ է կուտակել և բարեկեցիկ կյանքով է ապրում: Դա հենց իր, մարզպետի ընտանիքն է:
Առաջիկա օրերին կներկայացնենք նրա գործունեության իրական պատկերը՝ առավել մանրամասն: