Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոնսուլտացիաների համար հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպան Միխայիլ Զուրաբովին: Այդ մասին ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է փետրվարի 23-ի երեկոյան:

 

Ինչպես նշվում է ԶԼՄ-ների համար կարճ հաղորդագրության մեջ, որոշումն ընդունվել է Ուկրաինայում իրավիճակի սրվելու եւ ստեղծված իրադրությունը համակողմանիորեն վերլուծելու անհրաժեշտության կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ Զուրաբովը, որը Ուկրաինայում ՌԴ-ի դեսպանի պաշտոնում աշխատում է 2009 թվականի օգոստոսից, ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմում ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններին: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, դրա ընթացքում որոշվել է անցկացնել վաղաժամկետ նախագահական ընտրություններ եւ վերադառնալ 2004 թվականի սահմանադրությանը, որը սահմանափակում էր երկրի նախագահի իշխանությունը:

 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ գլխավորը Ուկրաինայում քաղաքական կարգավորման մասին փետրվարի 21-ի համաձայնագրի ամբողջական կատարումն է: Իր հերթին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետական հեղաշրջում չի համարում: