Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պաշտոնապես հերքել է տեղեկություններն այն մասին, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը վատացել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Էրդողանի առողջության մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկության իրականությանը չհամապատասխանելու մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը:
Լուրերը հերքել է նաև Էրդողանի բժիշկը' Ջևդեթ Էրդոլը: Նա հայտնել է, որ մի քանի վայրերում հանրահավաքների չեղյալ համարելը կապված է Էրդողանի գոտկատեղում կրկնվող ցավերի հետ, որոնք վարչապետը պարբերաբար ունենում է, սակայն նրա առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ չկան:
Ավելի վաղ Էրդողանի' բժշկական հսկողության տակ գտնվելու մասին լուրը Twitter-ի իր էջում հայտնել էր Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վերջին շրջանում ընդդիմադիր հայացքներով աչքի ընկած նախկին պատգամավոր Ֆեյզի Իշբազարանը:
Նա նշել էր, որ այդ մասին ինքը տեղեկացել է փետրվարի 26-ին ժամը 17:00-ից հետո: «Վարչապետը բժշկական զննություն է անցնում…Կուզեի, որ սուտ լիներ լուրը…Նա շատ ծանր օրեր ապրեց…Թող Ալլահը ների Թայիփ բեյի մեղքերը: Ալլահը ոչ մեկին նման ճակատագրի չարժանացնի: Նա գնաց որպես գող…Խթանիչներով հազիվ այսքան դիմացավ…Վարչապետի առողջությունը պետք է թույլ տա քաղաքականություն եւ պրոպագանդա վարել: 12-ամյա ԱԶԿ-ը պետք է վերակազմակերպվի եւ շարունակի ճանապարհը», -Twitter-ում գրել էր ԱԶԿ նախկին պատգամավորը: