Այս օրերին ԵՄ պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հայտարարում են, թե պատրաստ են 35 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրելու ճգնաժամի մեջ գտնվող Ուկրաինային: Ընդ որում, վարկի առաջարկն արվում է համառորեն և շարունակաբար, մի բան, որից ԵՄ-ն զերծ էր մնում Յանուկովիչի նախագահության վերջին շրջանում՝ Վիլնյուսյան համաժողովից հետո: Փոխարենը, այդ օրերին առավել ակտիվ էին Կրեմլի ֆինանսական պատասխանատուները:

 

Բուն Ուկրաինայում, բացի քաղաքական անորոշությունից, նաև տնտեսական քաոս է. նոր իշխանությունները հայտարարել են, որ պետական գանձարանը դատարկ է, իսկ պարտքերը շարունակում են կուտակվել: Մինչև հուլիս Ուկրաինան պետք է 10 մլրդ դոլարի պարտք վճարի, որից մոտ 3 մլրդը՝ Ռուսաստանին, այդ թվում՝ «Գազպրոմին»: Մինչև 2015-ի ավարտն ուկրաինական կողմը պետք է մարի արտաքին վարկատուների մոտ 17 մլրդ վարկը, չհաշված տոկոսները: Ուկրաինայի ընթացիկ տարվա ֆինանսական կարիքները մասնագետները գնահատում են առնվազն 25 մլրդ դոլար:

 

Հաշվի առնելով սնանկ պետական գանձարանն ու ՌԴ-ի կողմից մնացած 12 մլրդի ֆինանսական օգնության սառեցումը, Ուկրաինան տնտեսական լրջագույն կոլապսի առջև է: Մասնավոր վարկատուներն այս դեպքում ևս հեռանկարային չեն բյուջեի ութ տոկոսանոց սղաճի, տնտեսության հնգամսյա շարունակվող ռեցեսիայի և կապիտալի արտահոսքի պայմաններում: Եվրամայդանն Ուկրաինայի ֆինանսաբանկային համակարգին արդեն արժեցել է ավելի քան 3 մլրդ դոլար:

 

Տնտեսական վերլուծաբանների գնահատմամբ՝ արդեն մարտին, կապիտալի արտահոսքի նման տեմպերի պայմաններում, Ուկրաինան կհայտնվի ֆինանսատնտեսական փակուղում: Պարզ է, որ նմանատիպ սուղ պայմաններում ուկրաինական իշխանությունները կգնան հնարավոր ու անհնար ամեն քայլի՝ կանխելու իրավիճակի հետագա վատթարացումը: Իսկ Ուկրաինային կօգնեն միայն քաղաքական նկատառումներից ելնելով, թերևս ավելի քիչ, քան անհրաժեշտ է, և ծանր պայմաններով:

 

Քաղաքական պայմաններն այս դեպքում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու կառավարության լեգիտիմացումն է: Նման նախնական պայմանավորվածություններ կողմերի միջև արդեն իսկ առկա են՝ հնարավոր է, պայմանագիրն ստորագրվի մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, թեև ժամանակավոր նախագահ Տուրչինովը պատրաստ է անգամ մինչև ընտրությունները պայմանագիրն ստորագրելուն:

 

Այնուամենայնիվ, Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրումը խնդրահարույց է լինելու նաև ԵՄ-ի համար, քանի որ դրա անդամ որոշ երկրների տնտեսություններ ևս բարվոք վիճակում չեն: Աջակցության ցուցաբերումը մի երկրին, որը ԵՄ-ի հետ անգամ Ասոցացման համաձայնագիր չի կնքել և նրա հետ գործընկերության որևէ պաշտոնական կարգավիճակ չունի, ԵՄ-ի անդամ որոշ երկրներում, օրինակ՝ Հունաստանում կամ Իսպանիայում, կարող է գնահատվել որպես ավելորդ և անտեղի շռայլություն: Դա էլ, իր հերթին, կարող է հանգեցնել քաղաքական հետևանքների, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի առաջիկ ա մայիսյան ընտրություններում ազգայնականների դիրքերի ամրապնդման: Աջ ազգայնական թևը, օրինակ՝ Մարին լը Պենը կամ Վալդերսը, ովքեր նպատակահարմար չեն համարում ԵՄ-ի առկայությունն առհասարակ, տիրապետում են ձայների մոտ մեկ քառորդին, իսկ ուկրաինական իրադարձությունների ֆոնին կարող են ավելի պահանջված դառնալ:

 

Անգամ ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության տրամադրման դեպքում փորձագիտական հանրությունը բացառում է այս փուլում դրա նպատակային ծախսումն ուկրաինական իշխանությունների կողմից: Նախ, այդ միջոցների հատկացումը ԵՄ-ի բյուջեում պետք է արվի ի հաշիվ այլ ծրագրերի, ապա՝ Ուկրաինայում գործող տնտեսության օլիգարխիական մոդելն ուղղակի թույլ չի տա ստացված ֆինանսական աջակցությունը ծառայեցնել ի շահ իրական կարիքների: ԵՄ անդամ պետությունների ղեկավարները, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կամ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առավել զգուշավոր են ա յս հարցում և Ուկրաինայի հիմնական ֆինանսական երաշխավոր են տեսնում Արժույթի միջազգային հիմնադրամին:

 

Դավիթ Սարգսյան