Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունն ամեն տարի ընդունում է քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված մի կարգախոս: 2014 թ. կարգախոսն է «Քաղաքացիական պաշտպանությունն ու կանխարգելման մշակույթը' հանուն անվտանգ հասարակության»:
1994 թ. ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։
Հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվում են օրվա խորհրդին նվիրված բազմազան միջոցառումներ։
***
Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդիրը հատկապես սրվում է պատերազմի ժամանակ: Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, որը 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան: Այն նպատակ ուներ առանձնացնել չեզոք գոտիներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը:
1936 թ. Իսպանիայում քաղաքացիական պատերազմի և 1937 թ. Ճապոնիայի ու Չինաստանի միջև կոնֆլիկտի ժամանակ ասոցիացիայի ակտիվ գործունեությունը թույլ տվեց Իսպանիայի Մադրիդ և Բիլբաո, ինչպես նաև Չինաստանի Շանհայ ու Նանկին քաղաքներում քաղաքացիական բնակչության համար ստեղծել չեզոք գոտիներ:
1958 թ. «Ժնևյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ): Կազմակերպության գործառույթները զգալիորեն ընդլայնվեցին' քաղպաշտպանության ազգային կազմակերպությունների միջև կապերի հաստատում, բնակչության պաշտպանության բնագավառում ուսումնասիրությունների անցկացում, փորձի փոխանակման կազմակերպում, արտակարգ իրավիճակներում կանխմանը, պատրաստությանն ու գործողություններին ուղղված ջանքերի համակարգում:
1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ներկայիս տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թ. մարտի 1-ին և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ:
1986 թ. Չեռնոբիլի աղետը և 1988 թ.Սպիտակի երկրաշարժը, որոնք բազմաթիվ զոհերի և միլիարդների հասնող վնասի պատճառ դարձան, ստիպեցին նորովի նայել քաղպաշտպանության դերակատարությանը:
Ակնհայտ էր, որ այն չի կարող իր գործունեությունը սահմանափակել միայն պատերազմի ժամանակահատվածով: Առկա ուժերն ու միջոցները պետք է արդյունավետ օգտագործվեն նաև խաղաղ պայմաններում, հատկապես' վթարների, տարերային ու տեխնածին աղետների հետևանքները վերացնելիս: 1994 թ. ապրիլից Հայաստանը Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ է և, մեր երկրում նույնպես պարբերաբար անցկացվում են քաղպաշտպանության խնդիրներին առնչվող միջոցառումներ: