Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր այցելել է Ճանապարհային ոստիկանություն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ:
Մինչ այդ, ծանոթանալով տեսանկարահանման միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման բաժանմունքի աշխատանքին, Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններից պահանջել է առավելագույն սկզբունքայնություն' երթևեկության վերահսկման գործում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության կարգավորման, դպրոցամերձ տարածքներում և կանգառներում ծառայության ուժեղացման, փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների համակարգի թարմացման ու ամբողջացման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության խորացման և մի շարք այլ հարցեր:
Ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ է տվել աշխատանքում իրենց տրանսպորտն օգտագործող գյուղացիների հանդեպ հատուկ վերաբերմունքի, շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկը վերահսկելու, մեքենաների կայանման կանոնների պահպանումը խստացնելու վերաբերյալ:
Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով տարիներ շարունակ օրինական կերպով չփաստաթղթավորված տրանսպորտային միջոցների ցավոտ հիմնախնդրին, հրահանգել է այդ հարցում օգնել քաղաքացիներին և նրանց ազատել ավելորդ քաշքշուկներից:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը եղել է ճանապարհային երթևեկության տեսադիտարկման կենտրոնում, ծանոթացել աշխատանքի ընթացքին, մասնագետների հետ քննարկեց դիտարկումն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունները: