Դոնի Ռոստովի մարզային սրտաբանական կենտրոնում հերքում են Ուկրաինայի պաշտոնազրկված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մահվան լուրը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:

 

«Վիկտոր Յանուկովիչը երբեք չի բուժվել մեր հիվանդանոցում, այդ մարդն այստեղ երբեք չի եղել»,-ասել է Ռոստովի մարզի առողջապահության նախարարության գլխավոր կարդիովիրաբույժ Ալեքսանդր Դյուժիկովը:

 

Այս տեղեկատվությունը չեն կարողացել հաստատել նաև Դոնի Ռոստովում Ուկրաինայի դեսպանությունում, նշում է LifeNews-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

 

«Մենք Յանուկովիչի մահվան մասին տեղեկատվություն չենք ստացել և չենք կարող ստույգ ասել՝ որտեղ է նա այժմ գտնվում»,-ասել է նա:

 

Մարտի 4-ին ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Դոնի Ռոստովի բուժհիմնարկում սրտի տագնապից մահացել է Վիկտոր Յանուկովիչը: Տարածաշրջանային նախաձեռնությունների հիմնադրամի ներկայացուցիչ Եվրամայդանի ակտիվիստ Միխայլո Լեբեդը Facebook-ի իր Էջում հայտնել է, որ Յանուկովիչը սրտի տագնապից մահացել է մարտի 3-ին ժամը 23:00-ին: Լեբեդի ընկերը, որն աշխատում Է Դոնի Ռոստովի սրտաբանական կենտրոնում, իբր տեսել է, թե ինչպես են հոսպիտալացրել Յանուկովիչին:

 

Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: