Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները մարտի 5-ին Մոսկվայում հանդիպում կունենան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) հերթական նիստում, տեղեկացնում Է  Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

«Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները կքննարկեն ինտեգրացիոն փոխգործակցության հանգուցային ուղղությունները. Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի գործառումը, ինչպես նաեւ 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքը»,-հաղորդել Է մամուլի ծառայությունը:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես Է եկել Ուկրաինայի իրադրության շուրջ Մաքսային միության մեջ մտնող երկրների ղեկավարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է մարտի 4-ին Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Եռլան Իդրիսովի հետ կայացած հանդիպմանը:

 

«Ես առաջարկություն եմ արել ամենամոտ ժամանակներս հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որտեղ կկայանա կարծիքների հանգամանալի փոխանակում եւ կքննարկվեն ընթացիկ իրադրության վտանգավոր միտումների զարգացում թույլ չտալուն ուղղված միջոցառումները»,-Նազարբաեւի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը:

 

«Ուկրաինայում ստեղծված իրադրությունն անմիջականորեն շոշափում Է երկրների փոխհարաբերություններն ԱՊՀ-ի շրջանակներում եւ անուղղակիորեն վերաբերում Է Մաքսային միության պետություններին»,-ընդգծել Է Ղազախստանի ղեկավարը:

 

Իր հերթին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Նազարբաեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ նախօրյակին կայացած հեռախոսազրույցների մասին:

 

«Քննարկվել Է Ուկրաինայում իրադրության ճգնաժամային զարգացումը, որն իրական վտանգ Է ստեղծում ռուսալեզու բնակչության կյանքի եւ օրինական շահերի համար, նախեւառաջ Ղրիմում եւ այդ երկրի արեւելյան տարածաշրջաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում Է, որ «հասարակական-քաղաքական իրադրության սրումը անհանգստացնում Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ պետություններին, այդ թվում՝ տնտեսական եւ հումանիատր հետեւանքների տեսանկյունից»:

 

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել: