Ադրբեջանում մարդկանցից բռնի ուժով խլում են սեփականությունը: Անգամ միջնադարում, շահերի իշխանության ժամանակ, չէր կարելի խլել որեւէ մեկի սեփականությունը. անմիջապես միջամտում էին վեզիրները: Այս մասին Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է պատգամավոր Սաբիր Ռուստամխանլըն:

 

Նա կոչ է արել իշխանություններին ապահովել երկրում խոսքի ազատությունը, երիտասարդության իրավունքներն ու ձեռնարկատիրական գործունեության ազատությունը:

 

«Չի կարելի ձերբակալել երիտասարդներին առանց դատարանի որոշման եւ հետաքննության: Փողոցներում ձերբակալում են երիտասարդ մարդկանց, եւ նրանց գրպաններում անմիջապես թմրանյութեր հայտնաբերում: Ինչպես երեւում է' թմրանյութով միեւնույն փաթեթիկն անցնում է 50 գրպանով»,- ասել է ադրբեւանցի պատգամավորը:

 

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսն օրերս մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանում 97 քաղաքական կալանավոր եւ 38 «խղճի բանտարկյալ» կա: Նրա խոսքով' քաղաքական դրդապատճառներով ձերբակալված 116 մարդու նկատմամբ դատարանն արդեն վճիռ է կայացրել, 12 մարդու գործերը գտնվում են դատարանում, եւս 6 մարդու նկատմամբ հետաքննությհունը շարունակվում է:

 

Իրավապաշտպանը նշել է, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով' այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին:

 

Իրենց հերթին, Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար