ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 4-ին Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարի մասնակիցներին ներկայացրեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման պատճառները, ՄՄ-ի հետ բանակցությունների ներկա վիճակն ու քննարկվող հիմնական հարցերը:

 

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, կիրառում է ցածր մաքսատուրքերի քաղաքականություն. միջին մաքսատուրքը կազմում է 2.5 տոկոս: Սարգսյանը նշեց, որ ՄՄ շրջանակում մաքսատուրքերի բեռն ավելի բարձր է երրորդ երկրներից ներմուծումների ժամանակ, որի նպատակն է պաշտպանել տեղական արտադրողին: Սակայն ՌԴ-ն ԱՀԿ-ի առաջ ստանձնել է պարտավորություն՝ փուլ առ փուլ նվազեցնել ու մաքսատուրքերը: Սարգսյանի խոսքով՝ հովանավորչական քաղաքականությունը Ռուսաստանում ժամանակավոր երևույթ է: «Բանակցությունների սեղանին գտնվում է մի կարևոր հարց, թե ինչպե՞ս ենք մենք բարձրացնելու մաքսատուրքերը, ինչ քայլերով և ո՞ր ապրանքների ու ծառայությունների վրա: Սա բանակցությունների օրակարգային խնդիրն է, և մենք ունենք շուրջ 900 ապրանքատեսակ, որոնց նկատմամբ մեր շուկան զգայուն է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բանակցությունների արդյունքում պետք է համաձայնության գալ, թե ի՞նչ փուլերով ու ժամանակահատվածով են փոխվելու մաքսատուրքեր ը՝ երրորդ երկրներից ներմուծումների ժամանակ:

 

Վարչապետը կետ առ կետ թվարկեց մաքսատուրքերի հարցով բանակցությունների սեղանին դրված ապրանքները: Նա հայտնեց, որ ապրանքների առաջին խումբը երրորդ երկրներից բերվող հումքն է, և այդ առումով անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել, որպեսզի տեղական արտադրողը չտուժի:

 

«Ապրանքների երկրորդ խումբն այն ապրանքներն են, որոնք անմիջական սպառման առարկա են, այսինքն' որոնք կարող են խփել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ էլ մենք պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք և, բանակցելով մեր գործընկերների հետ, գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն մեզ համար և մեր տնտեսության համար չեն ստեղծի բարդություններ»,- նշեց Կառավարության ղեկավարը:

 

Վարչապետը նշեց, որ մաքսատուրքերի հարցով ՄՄ-ի հետ բանակցությունների սեղանին դրված ապրանքների երրորդ խումբը այդտեղ չարտադրվող և կենսամակարդակի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքատեսակներն են՝ ժամանակակից տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն: «Սրանք այն երեք ուղղություններն են, որի շուրջ մենք այսօր բանակցային գործընթացում ենք, և որտեղ մենք պետք է ձեզ հետ (հայրենական ապրանքարտադրողներ - խմբ.) ունենանք երկխոսություն»,- նշեց Սարգսյանը:

 

Վարչապետը հայտնեց, որ ՄՄ-ի հետ բանակցությունների գործընթացի երկրորդ խնդիրը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերին: Պետք է իրականացվեն բարեփոխումներ՝ տեխնիկական կանոնակարգերը նույնականացնելու համար:

 

«Այս պահին կարող եմ զեկուցել, որ մենք աշխատանքային խմբերում եկել ենք համաձայնության այն բանի շուրջ, թե ինչպես են տեխնիկական կանոնակարգեր կիրառվելու Հայաստանի Հանրապետությունում, այսինքն' մեզ համար սահուն մեխանիզմ նախատեսելու, որպեսզի ձեզ համար մենք չստեղծենք նոր խնդիրներ»,- նշեց Սարգսյանը:

 

ՄՄ-ի հետ Հայաստանի բանակցությունների խնդիրների մյուս խումբը վերաբերում է ֆիտոսանիտարիայի ոլորտին: Վարչապետը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները բավական արդյունավետ առաջ են ընթանում: «Աշխատանքային խմբերում չկան հարցեր, որոնց շուրջ մենք չենք եկել համաձայնության Մաքսային միության մեր գործընկերների հետ»,- նշեց Կառավարության ղեկավարը:

 

Սարգսյանը կարևորեց ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացումը և Մաքսային միության 170 միլիոնանոց հսկայական շուկայում մեր ապրանքների իրացումը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը: ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը հավաստիացրել է, որ Հայաստանը մինչև ապրիլի կեսերը կավարտի «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումները: