Թուրքիայում բնակվող հայ լեզվաբան Սևան Նիշանյանը, ով առանց որևէ հստակ հիմնավորման թուրքական արդարադատության կամայականության արդյունքում Թորբալըի բաց բանտից տեղափոխվել էր Իզմիրի Բուջա փակ բանտ, այստեղ ենթարկվում է խտրականության և բռնությունների: Ինչպես հաղորդում է թուրքական Aykiridogrular.com-ը, նոր բանտում Նիշանայնին հայտարարել են, որ այլևս մահճակալ չունեն, ինչի արդյունքում լեզվաբանը ստպված քնում է բետոնե հատակին: Հաղորդվում է, որ Նիշանյանին չի թույլատրվում նույնիսկ լոգանք ընդունել:

 

Թուրքիայում մի խումբ մտավորականներ, ովքեր լեզվաբանի ձերբակալությունից հետո շարունակում են բարձրաձայնել տեղի ունեցած անարդարության մասին, հայտարարել են, որ կատարվածը պարզապես բնութագրվում է որպես տանջանք:

 

Դեռևս Թորբալըի բաց բանտում Նիշանյանի գրած վերջին նամակներից մեկում մտավորականը տեղեկացրել էր, որ վերջին հոդվածներից մեկի պատճառով իր դեմ հետաքննություն են սկսել' ծառայողներից մեկին նվաստացնելու մեղադրանքով: Բանտի տնօրենը նրան կանչել է իր մոտ, և հայ մտավորականից ցուցմունք են վերցրել: Նիշանյանը կանխազգացել էր, որ մի քանի օր հետո իրեն կարող են տեղափոխել փակ բանտ: «Իրական պատճառն այդ հոդվածը չէր: Ինչ եկել եմ այս բանտ, ասում են, թե այստեղի «խերը» կորել է: Գնամ, կկարողանան հանգիստ շունչ քաշել»,- ասել է Նիշանյանը:

 

Ավելի վաղ Նիշանյանը նամակ էր գրել լրագրող Հասան Ջեմալին, որով հայտնել էր, որ բանտում իրեն այնպես չեն վերաբերվում, ինչպես մյուս ազատազրկվածներին: Նրա խոսքով, «վերևից եկած կարգադրությամբ» ինքը խտրական վերաբերմունքի է ենթարկվում:

 

Թուրքիայի արդարադատությունը մեղավոր էր ճանաչել հայազգի լեզվաբանին «սեփական հողակտորի վրա ապօրինի շինարարություն կատարելու» համար: Նիշանյանը, ով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Դատարանի թույլտվությամբ նա կարողացել էր մոտ մեկ շաբաթով դուրս գալ բանտից: Նրա որդին'Արսեն Նիշանյանը, հայտնել էր, որ հայրը երեք ամիսը մեկ հնարավորություն կունենա 3-4 օրով գտնվել ազատության մեջ: