Թուրքիայում գաղտնի հեռախոսազրույցների բացահայտման արդյունքում դժվար վիճակում հայտնված վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությանը հասցվելիք ամենալուրջ հարվածը, թերեւս, կհասցվի մարտի 30-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին:
Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ՏԻՄ ընտրություններից 5 օր առաջ' մարտի 25-ին հրապարակվելիք հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները ցնցող հարված կհանդիսանան Էրդողանի եւ նրա կառավարության մյուս ներկայացուցիչների համար: Նշվում է, որ այդ ժամանակ այնպիսի բովանդակությամբ հեռախոսազրույցներ են հրապարակվելու, որ Էրդողանն ու իր շրջապատը «ամաչելու են անգամ փողոց դուրս գալ»:
Երկու ամիս առաջ թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էր Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստերն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո իշխող կուսակցության եւ, հատկապես Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում խիստ ընկել են:
Համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններում Էրդողանը հանձնարարում է իր ավագ որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարի կանխիկ գումարը: Այդ ցնցող բացահայտումը պատճառ դարձավ Թուրքիայում համատարած կոչերի' Էրդողանի հրաժարականի պահանջով:
Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալը կարող է վերջ դնել Էրդողանի քաղաքական կարիերային, եւ նա կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը եւ մոտ ապագայում Նախագահ դառնալու հնարավորությունը, այլեւ իր հանցագործությունների համար ենթարկվել երկարատեւ ազատազրկման:
Թուրքական «Զաման» թերթի սյունակագիր Մումթազեր Թյուրքոնեն, առաջ անցնելով սպասվող ներքաղաքական զարգացումներից, գրում է, որ Թուրքիայում քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է սկսեն նախապատրաստվել հետէրդողանյան ժամակաշրջանին: Նա համոզմունք է հայտնել, որ վարչապետ Էրդողանի «ոտքերի տակից իշխանության գորգն արդեն քաշել են, եւ նա այլեւս չի կարողանալու կառավարել Թուրքիան»:
«Թուրքիայում հետէրդողանյան ժամանակաշրջանին պետք է պատրաստվեն թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակությունը: Այդ գործընթացում պետք է դերակատարում ստանձնի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մարտի 30-ը կարող է լինել այդ ժամանակաշրջանի սկիզբը», - նշել է Մումթազեր Թյուրքոնեն: