«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը: «Եթե քաղաքական ուժն իր առջև ընտրություններին մասնակցելու նպատակ չի դնում, նրա գործունեությունն արդեն անիմաստ է դառնում: Մենք մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին և կմասնակցենք բավականին մեծ ամբիցիաներով»,-նշեց Կարապետյանը:
Անդրադառնալով ներկայումս քաղաքական դաշտում կուսակցության դերին՝ Կարապետյանը նշեց, որ դեռևս վաղ է խոսել դրա մասին, քանի որ կուսակցությունը միայն անցած տարվա դեկտեմբերի 26-ին է պետական գրանցում ստացել: «Երբ ՀՀՇ-ն փակվեց, մենք՝ կուսակցության հին անդամներով որոշեցինք տեր կանգնել մեր պատմությանը և վերականգնել մեր ավանդույթները»,- ասաց նա՝ հավելելով, որ կուսակցությունում ներգրավված են նաև նոր մարդիկ:
Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ առաջիկայում ՀՀՇ-ի ակտիվությունը կնկատվի: Նա նշեց, որ այս պահին դեռևս ընթանում է կուսակցաշինության գործընթացը՝ այցելություն մարզեր, տարածքային կենտրոնների ստեղծում և այլ միջոցառումներ: