Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի գործունեությունը»:

 

Հարցման մասնակիցներից 83%-ը (4430 ձայն) անբավարար է գնահատել Վարդան Այվազյանի աշխատանքը, մասնակիցներից 8%-ի համար' (420 ձայն) միևնույնն է:

 

Հարցման մասնակիցներից 5%-ը (250 ձայն) գնահատել է գերազանց, 2%-ը (110 ձայն)' բավարար, 2%-ը' (80 ձայն) լավ:

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 5290 ընթերցող:

 

Ընդհանուր առմամբ, ակտիվություն ցուցաբերող և պարբերաբար ասուլիսներում հանդես եկող Այվազյանի վարկանիշը խայտառակ ցածր ցուցանիշ է արձանագրել: Դա, իհարկե, այդքան էլ զարմանալի չէ, եթե ի նկատի ունենանք, որ Այվազյանը, դեռ նախարար աշխատած տարիներին, մշտապես աչքի է ընկել բացառապես սեփական բիզնեսների հետ կապված աղմկահարույց պատմություններով: Հիշենք, թեկուզ, «Գլոբալ գոլդ մայնինգի» պատմությունը, «Հետք» կայքը 2012 թվականի սեպտեմբերի 14-ին հրապարակեց «Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 միլիոն դոլարի վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի դեմ» տեղեկատվությունը, որով հայտարարեց, որ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ: Կատարողական թերթը տրամադրվել է Նյու Յորքի հարավային շրջանի դատավոր Զեյ Փոլ Օտկենի՝ «Գլոբալ գոլդ մայնինգ» /ԳԳՄ/ ընկերության օգտին կայացրած որոշման հիման վրա: Իսկ այդ որոշումը վերջնական ուժի մեջ է մտել առանց բողոքարկման։ Կատարման թերթի պայմաններով՝ Վարդան Այվազյանից ԳԳՄ-ի օգտին պետք է գանձվի 37,537,978.02 ԱՄՆ դոլար: Այս գումարի $27,152,244.50 մասը ԳԳՄ-ին իբր պատճառված վնասի հատուցումն է: Միաժամանակ հաշվարկված են 10,385,734.52 դոլարի տույժեր՝ սկսած 2008 թվականից և տարեկան 9%-ով:

 

 

Հիշենք նաև լրագրող Գոհար Վեզիրյանի հետ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը: Վիճաբանության ընթացքում Այվազյանը հայտարարեց, որ իր կարողությունը դիզել էր ծանր քրտինքով, մասնավորապես ժամանակին կարմիր դիպլոմով «գռուզչիկ» է աշխատել՝ մոռանալով, որ այդ փաստը իր համար չի կարող քարտ բլանշ լինել, որովհետև ԱԺ-ն գործարարների ակումբ չէ: Գուցե նա դառնար արտադրամասի պետ, բայց ոչ ԱԺ պատգամավոր: Որովհետև ԱԺ-ում լրագրողը շատ նորմալ հարց էր տվել՝ ասելով, թե՝ «Հետք»-ը գրել է Ձեր մասին նման բան: Եթե այդ փաստը սուտ է՝ կարող էր դիմել դատարան, ոչ թե վիրավորական տոնով կամ հեգնանքով պատասխաներ լրագրողին: Եթե ԱԺ պատգամավորը քաղաքական գործիչ է, որին ընդհուպ կարող են ԱԺ ամբիոնից հարցադրումներ անել, և եթե ինքը չի կարողանում պատասխանել այդ հարցերին, ապա դա այլ հարց է: Լրագրողը նորմալ խոսել է, մինչդեռ Վարդան Այվազյանը սկսել է անիծել՝ «հողեմ գլուխդ» և վերջում անցել հայհոյանքների: Փոխադարձ վիրավորանքները շարունակվել են մի քանի րոպե:

 

Շարքը կարելի է անվերջ թվարկել, ինչն էլ, հավանաբար, առիթ է հանդիսացել, որ հասարակությունը շատ բացասական գնահատի իշխանական բուրգի հնաբնակներից մեկի գործունեությունը:

 

Այնուամենայնիվ, «գռուզչիկ»-ի թեման դարձավ հայկական լրատվության ամենաթոփային թեմաներից մեկը: Այն անգամ ոգեշնչեց համեստ կարողությունների տեր բանաստեղծին՝ գրելու նրբիկ բանաստեղծություն՝ Այվազյանի մասին.

 

ՄԻ ԳՌՈՒԶՉԻԿ՝ ՄԻ ՔԻՉ ԹԱԽԾՈՏ, ՄԻ ՔԻՉ ԽԵՆԹ

 

Իմ հուշերում դու մնացիր առհավետ,
Որպես փառքի ճանապարհի մի դրվագ,
Ոտք է գցում հիմա դիզած գույքիս հետ
«Բենթլի» քշող մի հատ նախկին սարկավագ...

 

Ֆայլաբազարն եղավ գագաթը փառքիս,
Եվ հաստատուն քայլքով եկա պառլամենտ,
Պատգամավոր դարձավ հայոց աշխարհքիս՝
Մի գռուզչիկ՝ մի քիչ թախծոտ, մի քիչ խենթ...

 

Եվ դիպլոմով՝ կարմրությամբ կուսական,
Ներխուժեցի քաղաքական ասպարեզ,
Կառավարման ադաթի պես ռուսական,
Կեսն ինձ առա, նվիրեցի կեսը քեզ...