Ղրիմի ճակատագրի վերաբերյալ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն ու «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հակադիր դիրքրոշում ունեն: Մարտի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին այլընտրանք չի ունենա, իսկ Մանվել Բադեյանը հակադարձեց, որ խիստ կասկածում է այդ ելքին: «Ուկրաինական դեպքերի զարգացումը էսկալացիայի ճանապարհով չի գնա: Ճիշտ է' հիմա շատ սուր է իրավիճակը, դեռևս կսրվի որոշ ժամանակ, բայց իմ կարծիքով' աշխարհի ուժեղները կգան կոնսենսուսի»,- ասաց Մանվել Բադեյանը' կարևորելով ազգերի ինքնորոշման սկզբունքը:

 

«Ազգերի ինքնորոշման սկզբունքը սուրբ սկզբունք է, ու դա խախտել ոչ ոք չի կարող: Եթե Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի ղեկավարները փորձեն շրջանցել այդ սկզբունքը, դրա հետ Ղրիմի ժողովուրդը չի համաձայնի: Մյուս կողմից' մենք հասկանում ենք, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները որպես այդպիսին միասնական ժողովուրդ են: Կիևյան Ռուսիան մնում է Կիևյան Ռուսիա, և այդ երկու ժողովուրդների մեջ ինքնորոշման խնդիր դժվար է դնել: Ո՞վ է ումից ինքնորոշվում' ժողովրդի մի մասը մյուսի՞ց»,-ասաց Մանվել Բադեյանը' շեշտելով, որ այս պահին Հայաստանը պետք է որևէ դիրքորոշում չհայտնի և ուշադիր հետևի գործընթացին:

 

Գառնիկ Իսագուլյանի խոսքով' աշխարհը փոխվել է, ու այդ փոփոխությունն անշրջելի է: «Աշխարհը դեռևս փոխվել է 2008 թվականի օգոստոսի 8-ից, սա շատերը չընկալեցին, չգիտակցեցին: 2014 թվականի մարտի 16-ից հետո պետք է մոռանալ, որ աշխարհը միաբևեռ է լինելու: Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, Արևմուտքը դրանում իր մեծ մեղքի բաժինն ունի, որովհետև նույն երևույթներին երկակի մոտեցումներ ցուցաբերելն անթույլատրելի ու անընկալելի է: Ռուսաստանի համար Ուկրաինան կենսական տարածք է ու դրանից Ռուսաստանը որևէ կերպ չի բաժանվի»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:

 

Ուկրաինայում տեղի ունեցած «մայդանային» հեղաշրջումից հետո իրավիճակը շարունակում է թեժ մնալ: Անհանգիստ և լարված իրավիճակ է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում: Այդտեղ միաժամանակյա հանրահավաքներ են անցկացրել ռուսական ու արևմտյան ինտեգրման կողմնակիցները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին դիմել է Դաշնային Խորհրդին՝ ԶՈՒ-ն Ուկրաինայի տարածքում օգտագործելու հարցով և ստացել աջակցություն: Պուտինը հետագայում հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինա զորք մտցնելու հնարավորություն ունի, բայց առայժմ անհրաժեշտություն չի տեսնում:

 

Եվրամիությունից հայտարարել են, որ կկիրառեն պատժամիջոցներ, եթե Ռուսաստանը Ուկրաինայի տարածք զորք մտցնի: Մարտի 16-ին Ղրիմում տեղի կունենա հանրաքվե, որն էլ կորոշի Ինքնավար Հանրապետության հետագա ճակատագիրը: