Երևանի կենդանաբանական այգին 2014 թվականին կհամալրվի հարավամերիկյան ընձառյուծով, նոր թռչնատեսակներով, սողուններով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործուն նախաձեռնությամբ Երևանի կենդանաբանական այգուն այս տարի տրամադրվել է շուրջ 300 միլիոն դրամ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կշարունակի աջակցել Կ ենդանաբանական այգուն' հրավիրելով միջազգային փորձագետների և մասնագետների:

 

Երևանի կենդանաբանական այգին անգղերի բազմացման ծրագիր է իրականացնում: Այն միշտ էլ աչքի է ընկել հարավկովկասյան կենդանիների տեսակների բազմազանությամբ: Այգու թռչունների բաժնում, բացի մի քանի փոքր ազատավանդակներից, կան նաև երկու մեծ ազատավանդակներ՝ նախատեսված գիշանգղերի, գառնանգղերի, սպիտակագլուխ և սև անգղերի համար: Նշված բոլոր թռչնատեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Չնայած այս թռչուններին դեռևս կարելի է հանդիպել Հայաստանի տարածքում, այնուամենայնիվ որսագողության և կենսամիջավայրի ոչնչացման պատճառով այս հսկա անգղերի քանակը բնու թյան մեջ շարունակում է նվազել: 2013 թ.-ի նոյեմբերի կեսերին Երևանի կենդանաբանական այգու անձնակազմը գառնանգղերի համար պատրաստել էր արհեստական քարանձավ: Որոշ ժամանակ անց գառնագղերի զույգը եղած ճյուղերից, ոչխարի բրդից և այլ նյութերից սկսեց բույն պատրաստել, իսկ արդեն հունվարի 25-ին գառնանգղերը ձվադրեցին: Ներկայումս Երևանի կենդանաբանական այգում ապրում են երեք գառնանգղեր' երկու արու և մեկ էգ: Ցավոք, հայտնի չէ, թե վերջիններս ինչպես են հայտնվել կենդանաբանական այգում. ամենայն հավանականությամբ, գյուղացիներն են վաճառել այգուն' բերելով վայրի բնությունից:

 

Այսօր մշակվել է բոլորովին այլ, նոր աշխատանքային ձևաչափ' 75 տարվա պատմություն ունեցող կենդանաբանական այգին վերափոխելու, միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության ու բնապահպանական կրթության կենտրոնի վերածելու համար: Կենդանաբանական այգու նոր ծրագրերից է ազգային և վտանգված կենդանատեսակների վերարտադրությունն ու վայրի բնություն բաց թողնելը, ինչը հետագայում կապահովի վերջիններիս բազմացումն արդեն բնության մեջ: Այգու վերափոխման գործընթացին աջակցում է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգին:

 

2012թ.-ին Երևանի կենդանաբանական այգին դարձավ Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) թեկնածու-անդամ: Եթե գառնանգղերի վերարտադրության ծրագիրը հաջողությամբ ընթանա, ապա սա կդառնա նմանատիպ ծրագրերի իրականացման առաջին հաջողված փորձը: Իսկ հիմա Երևանի կենդանաբանական այգին սպասում է գառնանգղերի ընտանիքի համալրման բարի լուրին: