Այս օրը՝ 1935թ. մարտի 15-ին Մոսկվայում ծնվել է հանրահայտ հայ ծաղրածու և գեղեցիկ նովելների հեղինակ Լեոնիդ Ենգիբարովը։

 

Հայրը (ազգությամբ' հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։

 

Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը, Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն:

 

1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը' ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի' տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։

 

1952-1953թթ. մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։

 

1952-ին սկսելով երրորդ կարգից' 1954-ին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր: 1955-ին կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է ծաղրածուների պատրաստման բաժին և Լեոնիդն ընդունվում է այդտեղ։ 1959-ին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։

1956-ից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։

 

1958թ. նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում' խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։

 

1962-ին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լ. Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.)։

 

1964-ին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի' Է. Բասի անվան գավաթին։

 

1960-ականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»:

 

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը' սկզբնավորելով ինքնատիպ, նոր' «ենգիբարյանական ուղղությանը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում:

 

Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ: Մահացել է Մոսկվայի իր բնակարանում: