Ղրիմը քաղաքական կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի ղեկավարման ներքո չի վերադարձվի, Ռուսաստանն ու Արևմուտքն էլ սուր հռետորաբանություն կիրառելուց հետո կհանգեն համաձայնության: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այն, որ դե ֆակտո և դե յուրե Ղիմում չեն պատրաստվում ենթարկվել պաշտոնական Կիևին, դա արդեն պարզ է: Այս իրավիճակը շատ փոփոխություններ կբերի Ղրիմում' սկսած արժույթի փոփոխությունից, մինչև Ռուսաստանի հետ հաղորդակցային տարբեր հնարավորությունների ստեղծում»,- ասաց քաղաքագետը:
Նրա բնորոշմամբ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներկայում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենում: «Առաջիկա շաբաթների ընթացքում կտեսնենք հռետորաբանության սրում, Վրաստանն ու Ուկրաինան կսկսեն խոսել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և այլ միությունների միանալու մասին, մեծ չափերի գումարների սառեցման մասին խոսք կլինի, Ուկրաինան էլ տարբեր պահերի կխոսի, հետո կլինի շատ ուժեղ սրում, որից հետո երկրները առերեսման ու որոշակի համաձայնության կգան»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը' հավելելով, որ Արևմուտքի կողմից գործադրելի պատժամիջոցների պարագայում ամենաշատը կտուժի Ուկրաինան: «Ռուսաստանը ոչ Իրան է, ոչ էլ Իրաք: Կայունության աստիճանը Ռուսաստանի դեպքում շատ բարձր է, խաղադրույքները' ևս: Ավելի կարևոր հարցեր են դրված սեղանին, քան փողերն են, որի մասին անընդհատ խոսվում է»,-ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, հիշեցնում է Վրաստանի սցենարը ռուս-վրացական պատերազմից հետո: «Ուկրաինան մեծ Վրաստանն է: Իրադարձություններն էլ զարգանում են նույն սցենարով: Իհարկե, Ղրիմը ոչ ոք չի ճանաչի, Ռուսասատանի և Արևմուտքի միջև կպահպանվեն որոշակի սառեցված հարաբերություններ»,-ասաց նա:
Անդրադառնալով Ղրիմում թաթարական գործոնին, քաղաքագետը նշեց, որ հակառուսական տրամադրվածություն ունեցող ուժերը փորձում են բաժանել թաթարական համայնքը: «Ղրիմի կոնֆլիկտը պատմականորեն ոչ միայն և ոչ այնքան ռուսների ու ուկրաինացիների միջև է, որքան, ամենամեծ մասով, թաթարների եւ սլավոնների միջև է: Ես կարծում եմ, որ թաթարների հետ պետք է աշխատել, նոր իշխանությունները պետք է բանակցեն նրանց հետ»,-հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ղրիմում մարտի 16-ին տեղի է ունեցել հանրաքվե, որին մասնակցել է Ղրիմի բնակչության 80 տոկոսը, որից 95-ը տոկոսը կողմ է արտահայտվել Ղրիմի Ինքնավարության հաստատմանը: