Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին:

 

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որեւէ անհանգստության ձեռնամուխ լինել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:

 

Միաժամանակ, ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ' ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները համապարփակ կերպով քննարկելու եւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

 

Ա. Գեւորգյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ կստեղծվի հանձնաժողով' Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և, հնարավորության դեպքում, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար: