Իրանն անհանգստություն է հայտնել սիրիական ռազմական ինքնաթիռը Թուրքիայի կողմից խփվելու պատճառով երկու երկրների միջեւ ծագած լարվածության առնչությամբ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի մասնակիցների առաջ ելույթում շնորհավորել է թուրքական օդուժին սիրիական ինքնաթիռ ոչնչացնելու համար, Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ռազմական մոտեցումները չեն կարող օգնել սիրիական ճգնաժամի լուծմանը»:
Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Էմիր Աբդուլլահիյանը երկու երկրներին «սառնասիրտ» լինելու կոչ է արել: «Ռազմական մոտեցումները ոչ միայն չեն կարող օգնել լուծել սիրիական խնդիրը, այլեւ ավելի կխճճեն իրադրությունը», -ասել է նա:
Թուրքիայի օդուժը մարտի 23-ին կործանել է սիրիական ռազմական Mig 30 տիպի ինքնաթիռներից մեկը, որը, թուրքական կողմի պնդմամբ, խախտել էր թուրքական օդային տարածքը: Սիրիական ինքնաթիռի օդաչուն, ում հաջողվել էր կատապուլտով դուրս նետվել եւ օդապարիկով վայրէջք կատարել սիրիական տարածքում, հիվանդանոցում սիրիական SANA լրատվական գործակալությանը պատմել է, որ իր ինքնաթիռին թուրքական կողմը հարվածել է սիրիական տարածքում' թուրքական սահմանից 7 կմ հեռավորության վրա գտնվող հայաշատ Քեսաբ քաղաքի մոտ: Նրա խոսքով, ինքը հետապնդել է Թուրքիայի տարածքից Քեսաբի շրջան մտած ահաբեկիչներին: Թուրքական օդուժն անսպասելիորեն խախտել է Սիրիայի օդային սահմանը եւ հրթիռով հարվածել օդանավերից մեկին' դրանով աջակցելով քրիստոնյաներին կոտորելու եկած ահաբեկիչներին:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, թե իբր սիրիական օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, որի համար էլ կրակ է բացվել:
Մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական «Ալ Նուսրա» խմբավորման ջոկատները 4 կողմից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջանում: Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր, որոնց շարքերում մեծ թվով ադրբեջանցիներ եւ թուրքեր էլ են եղել, հարձակման են անցել Թուրքիայի տարածքից: