ՀՀ քաղաքացիների 93 տոկոսը լսել է, իսկ 7 տոկոսը չի լսել ներդրված կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին: Մարտի 25-ին հրավիրված ասուլիսում «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը հայտնեց, որ այս արդյունքն է արձանագրվել իրենց կողմից փետրվարի 13-28-ը Երևանում անցկացված հետազոտության ընթացքում, որը միտված էր պարզելու քաղաքացիների վերաբերմունքը ներդրված կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին:

 

«Ընտրվել է Երևանը, քանի որ այն տնտեսապես ավելի ակտիվ կենտրոն է Հայաստանում: Մեր նպատակն էր պարզել քաղաքացիների վերաբերմունքը այն խնդրին, որը քննարկվում է վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում: Մենք ցանկանում էին պարզել, թե քաղաքացիների դժգոհությունները կոնկրետ, ինչպես են ձևակերպվում»,-նշեց Նավասարդյանը: Նրա խոսքով' այն, որ կենսաթոշակային համակարգի մասին լսել է 93 տոկոսը վկայում է, որ քաղաքացիների մեծ մասը կամ տեսել են գովազդը, կամ լսել են օրենքի մասին քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող հավաքներից, բողոքի ակցիաներից, լրատվամիջոցների հաճախակի լուսաբանումներից:

 

«Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետազոտական բաժնի կեղավար Գայանե Դաջունցը նշեց, որ հետազոտության մասնակիցների 19.8 տոկոսը լիարժեք է համարել իր տեղեկացվածությունը կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, «ավելի շուտ տեղեկացված» է համարել 21. 4 տոկոսը, իսկ տեղեկացված չի եղել 15.8 տոկոսը, հարցին դժվարացել են պատասխանել 31 տոկոսը:

 

Օրենքին դեմ արտահայտված հիմնական փաստարկները հետևյալն են' 34.3 տոկոսը դեմ է, որովհետև կուտակված գումարները ստանալու երաշխիք չկա, 32.9 տոկոսը չեն վստահում կառավարությանը, 27. 3 տոկոսը կարծում է, որ 5 տոկոս պահումը աշխատավաձից բավականին մեծ գումար է, 18.8 տոկոսը նշել է, որ չի վստահում ֆոնդերին, 18 տոկոսը չեն վստահոմ կուտակային կենսաթոշակային համակարգին, 18.4 տոկոսը դեմ է համակարգի պարտադիր լինելուն և 5.5 տոկոսը դեմ է, որովհետև կուտակված գումարները ուղարկվելու են արտերկիր: Համակարգին կողմ արտահայտված հարցվողները ևս իրենց փատարկներն ունեին: Նրանցից 46.2 տոկոսը նշել է, որ կողմ են համակարգին, որովհետև պետությունը իր ներդրումն է ունենալու քաղաքացիների բարեկեցիկ ապագան ապահովելու գործում, 44.6-ը նշել է, որ այս համակարգի շնորհիվ նրանք հետագայում կստանան բարձր թոշակներ, 23.1 տոկոսի կարծիքով' ընթացիկ կուտակված գումարները կնպաստեն տնտեսության զարգացման խթանմանը և 21. 2 տոկոսը նշել է, որ զարգացած երկրներում ընդունելի համակարգ է և կցանկանան, որ այն ևս կիրառվի Հայաստանում:

 

Բանախոսների տեղեկացմամբ' ցուցանիշներն ապացույցն են նրա, որ մեր հասարակությունը պատշաճ և բավարար ծավալով տեղեկություններ չի ստացել կամ չի ստանում կիրառվող համակարգի վերաբերյալ, ինչը հանգեցնում է տեղեկատվական վակուումի: Նրանք հույս են հայտնում, որ այս հետազոտության արդյունքները կօգնեն ՀՀ կառավարությանը «Դեմ եմ» քաղաքացիական շարժման անդամներին, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին ունենալ առարկայական քննարկումներ և փոխզիջումներ, խնդրի արդյունավետ հանգուցալուծում: Հետազոտությունն անցկացվել է փետրվարի 13-28-ը Երևանում ն երկայացուցչական ընտրանքով: Հարցմանը մասնակցել է 1066 մարդ: Սխալի ընտրանքը կազմում է 3 տոկոս: Հարցման մասնակցող անձինք պատկանել են 18-ից բարձր տարիքային խմբին:

 

«Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը տվյալ հետազոտությունը կատարել է առանց պատվերի' սեփական նախաձեռնությամբ: Հետազոտության արդյունքները կազմակերպությունը նախատեսում է ուղարկել ՀՀ կառավարորություն, Սահմանադրական դատարան, Ազգային ժողով: