Ուկրաինայի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀՀՈՒ) օգտագործումը հնարավոր չէ: Կազմակերպության քարտուղարությունում այսպես են մեկնաբանել «Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի լուծման համար ՀԱՊԿ-ի Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի հնարավոր օգտագործման վերաբերյալ» Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Թուրսունբայ Բաքիրի հայտարարությունը:
ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պարզաբանել է, որ «Ուկրաինան Կազմակերպության անդամ չէ, և նրա տարածքում ՕՀՀ ուժերի օգտագործումն անհնարին է 2009 թվականի հունիսի 14-ի գործող համաձայնագրով»:
«ՕՀՀՈՒ-ի ցանկացած կիրառման վերաբերյալ որոշումն ընդունվում է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսի հիման վրա և կազմակերպության անդամ բոլոր պետությունների համաձայնությամբ»,-ընդգծել է նա:
ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: