Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցությունն իր մտաոգությունն է հայտնել հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ' համայն հայությանը կոչ անելով միավորել ջանքերը սիրիահայությանն օգնելու ուղղությամբ: ՍԴՀԿ կենտրոնական վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Ս.Դ. հնչակյան կուսակցությունն իր բողոքի և դատապարտումի կոչերով միանում է աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, որոնք արդարացի ընդվզումով ու խոր մտահոգությամբ հետեւում են պատմական Քեսաբի ու քեսաբահայության ճակատագրին:
Անժխտելի փաստ է, որ առանց թուրքական իշխանությունների ուղղակի և անուղղակի մասնակցության Քեսաբը հակամարտության թատերաբեմ չպիտի դառնար' ստիպելով մեր հայրենակիցներին կրկին բռնելու տարագրության ճամփան:
Միակ սփոփելի երեւույթն այն է, որ առանց մարդկային կորուստների նրանք կարողացել են հասնել ապահով վայրեր: Այսուհանդերձ, պետք է գիտակցենք, որ ծանր օրեր են սպասվում մեր հայրենակիցներին, և նրանք յուրաքանչյուրիս բարոյական ու նյութական օժանդակության կարիքն ունեն:
Այդ պատճառով, կոչ ենք անում մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, որոնք արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերում սիրիահայության օժանդակության գործին, կրկնապատկել իրենց ջանքերը, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան հաղթահարել այն ծանր փորձությունները, որ Սիրիայի այս ավերիչ պատերազմը դեռ պիտի շարունակի մատուցել նրանց:
Պահի հրամակայականն է, որ համայն հայությունը՝ Հայաստանի պետությունով, կուսակցություններով, կրոնական հաստատություններով և բարեսիրական միություններով, գործի միասնական ու համախմբված ջանքերով, որպեսզի առավելագույնս կարողանանք օգտակար լինել մեր սիրիահայ քույրերին և եղբայրներին»: