ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մարտի 25-ի որոշմամբ արգելվել է «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրական գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, «Փղիկ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդ ամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գաթա» արտադրատեսակի թխվածքը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 06-Ն հրամանի պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: