Քառօրյան բավականին հագեցված էր և հետաքրքիր: Անշուշտ բավականին լարված քննարկում տեղի ունեցավ չորս ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված ժամանակավոր հանձաժողով ստեղծելու նախագծի ժամանակ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վերջինիս խոսքով` չնայած քննարկումներին, բովանդակային առումով հարցը չունեցավ իր սկզբնական նշանակությունը:
«Անշուշտ բոլորս էլ կողմ ենք քաղաքակիրթ, նորմալ ավտոկայանատեղիների ստեղծմանը: Բոլորս կողմ ենք, որպեսզի ունենանք նորմալ, անվտանգ ճանապարհային երթևեկություն: Հիմնական մեխն այն էր, թե ինչ մեխանիզմներով են փորձում իրականացնել դա:
Որևէ մեկը չկարողացավ փաստարկ կամ հակափաստարկ ներկայացնել, թե ինչ իրավունքով է տրված, որ մասնավորը պետք է մաս կազմի այս գործարքին և կարողանա 70 տոկոս շահույթ վերցնել այս գործարքից:
Իշխանությունը կարողացավ օգտագործել վաղուց արդեն քաղաքական պոտենցիան կորցրած և պրոֆեսիոնալ, օգտագործվող դարձած որոշ գործիչների և փորձեցին ցեխ շպրտել ընդդիմության վրա, որ ընդդիմությունն ամբողջությամբ սևացնում է այն, ինչ կատարվում է պետության մեջ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: