Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» շատ կետերով Հայաստանն առաջ է անցել սահմանված ժամանակացույցից։ Այն տեմպը և որակը, որով Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է հայ գործընկերների հետ, երևի թե պետք է գրվի գրքում, որ բոլորը տեսնեն, թե ինչպես պետք է ընթանան բանակցային գործընթացները։ Այս մասին Երևանում մեկնարկած «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։ Նա ուրախությամբ նշեց, որ հայկական կողմն արագորեն իրականացնում է ազգային օրենսդրության մեջ այն շտկումները, որ հարկավոր են միության անդամ դառնալու համար։

 

«Մենք հիացած ենք մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմով և պատասխանատու աշխատանքով։ Մենք արդեն աշխատանքային խմբերի մի քանի հանդիպումեր ենք անցկացրել և տեսնում ենք, որ «ճանապարհային քարտեզը», որը հաստատվել էր երկու պետությունների նախագահների կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին, ընթանում է ոչ թե ժամանակացույցին համապատասխան, այլ շատ կետերում ժամանակացույցից առաջ է։ Բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, որ անհրաժեշտ է անել օրենսդրության մեջ, հայկական կողմը կատարում է արագ։ Դա մեզ վստահություն է ներշնչում, որ Հայաստանի արագ անդամակցության հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,- ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը։ Տատյանա Վալովայան համաժողովի անդամներին տեղեկացրեց, որ դեռ պետք է քննարկվեն որոշ զգայուն հարցեր, որպեսզի միությանն անդամակցությունից շահի և′ Հայաստանը, և′ միության անդամ մյուս պետությունները։ «Doing Business-ի և մյուս բոլոր վարկանիշներով Հայաստանը ավելի լավ դիրքերում է, քան անդամ մյուս պետությունները։ Դա մեզ համար ոգևորիչ է։ Ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ միության համար»,-ասաց նա։

 

Վալովայան նաև անդրադարձավ այն հարցին, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման միության հետ։ «Երկար ժամանակ քննարկումներ էին գնում, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ միության անդամ, թե՞ ոչ։ Հիմնական խոչընդոտը նշվում էր այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման միության անդամ պետությունների հետ։ Սակայն երկար վերլուծություններից հետո եկանք այն եզրահանգման, որ ժամանակակից պետություններում ընդհանուր սահմանի բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել»,-ասաց նա։

 

Երևանում ընթանում է «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը։ Այն մեկ հարկի տակ է մեկտեղել տնտեսական փորձագետների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հյուրերի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից: Համաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: