ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւին Հայաստանի քվեարկությունը զայրացրել է Հայաստանի հասարակությանը: Բայց մարտի 27-ից առաջ եղել է սեպտեմբերի 3, եղել է դեկտեմբերի 2: Եթե դրանք եղել են, ու դրանք ոչ ոք չեղյալ չի հայտարարել, ապա մարտի 27-ի վրա զարմանալը զարմանալի է:
Միգուցե Հայաստանի հանրությանն ապակողմնորոշել էր ԱԳՆ կոչվող կառույցը, որն Ազատություն ռադիոկայանին ասել էր, թե Հայաստանը քվեարկելու է ձեռնպահ:

 

Բայց, ԱԳՆ-ն մեղք չունի: Հայաստանի ԱԳՆ-ին էլ երեւի ապակողմնորոշել էր վերադասը՝ Ռուսաստանը: Երեւանից երեւի թե զանգահարել են ՌԴ ԱԳՆ որեւէ ընդունարան եւ հարցրել, թե ի՞նչ կասի Մոսկվան, եթե Հայաստանն այս անգամ գոնե ձեռնպահ քվեարկի: Մոսկվայում էլ երեի մտածել են, թե ապրիլի 1-ից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ինչ տարբերություն, կարելի է եւ կատակել: Երեւանից էլ շտապել են ուրախացած ասել, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ քվեարկել:

 

Հետո իհարկե Մոսկվան ասել է, որ կատակել են: Բայց Երեւանն արդեն չէր կարող ասել, թե կատակել է: Մնում էր գնալ ու քվեարկել դեմ, ինչպես Ռուսաստանի մյուս իննը հույսերը՝ Նիկարագուա, Սուդան, Զիմբաբվե, Բոլիվիա, Վենեսուելա, Կուբա, Սիրիա, Հյուսիսային Կորեա, Բելառուս:
Կատակը մի կողմ, բայց Հայաստանի հետ Մոսկվայի աշխատանքի ոճը հետաքրքիր է: Կրեմլի համար ըստ ամենայնի քիչ է ցույց տալ աշխարհին, որ Հայաստանի վրա ազդեցություն ունի: Խնդիրը կարծես թե ցույց տալն է, որ Հայաստանը տիկնիկ է Ռուսաստանի ձեռքին հագցրած: Որովհետեւ մի բան է ազդեցություն ցույց տալ, այսինքն դա ինչ որ առումով այդուհանդերձ նշանակում է սուբյեկտայնության գոնե նվազագույն մակարդակի առկայություն, մեկ այլ բան է ցույց տալ ձեռքի վրա հագցրած տիկնիկ:

 

Հավանաբար այդ պատճառով է, որ Մոսկվան թույլ տվեց Հայաստանին խորացնել Ասոցացման գործընթացը մինչեւ նախաստորագրում, հետո նոր միայն կոշտ ու անհարմար ձեւով ընդհատել այն: Մի փոքր դրվագ էլ այս քվեարկությունն էր՝ թույլ տալ նախապես հայտարարել ձեռնպահ լինելու մասին, իսկ հետո հրամայել քվեարկել դեմ:
Մոսկվան ցույց է տալիս, որ ինքն է սուբյեկտը, այլ սուբյեկտ չկա: Մոսկվային դաշնակիցներ պետք չեն, նա չունի դրանց կարիքը, Մոսկվան գիտե, որ այդ դաշնակիցները բեռ են իր ուսերին: Մոսկվային պետք է տարածք, դրա համար էլ ցույց են տալիս աշխարհին, որ Հայաստանում տարածք է մնացել, առանց պետականության եւ ժողովրդի, որտեղ իրենք իշխում են, ոչ թե ազդեցություն ունեն:

 

Դա ամենավտանգավորն է, որովհետեւ Հայաստանի համար աշխարհաքաղաքական պայքարը փաստացի արդեն վերածվում է ոչ թե ազդեցության, այլ տարածքի համար պայքարի: Իսկ տարածքի համար առավելապես պայքարում են ուժով:

 

Այսինքն, եթե Հայաստանը մատուցվում է որպես ընդամենը տարածք, ապա հարցը դրվում է արդեն նվաճելու կամ վերանվաճելու համատեքստում, ի տարբերություն ազդեցության համար պայքարի, որը առնվազն հավասարապես ենթադրում է տեխնոլոգիական մրցակցություն տարբեր ոլորտներում:
Ավելին, հենց այդ մրցակցության հարցում որեւէ հեռանկար չունենալու գիտակցումն էլ Ռուսաստանին ստիպում է Հայաստանի հարցը տեղափոխել տարածքային պայքարի ոլորտ: Բանն այն է, որ այստեղ Ռուսաստանի առավելությունը նկատելի է՝ Մոսկվան այստեղ ապահովված է ռազմական ներկայությամբ եւ 5-րդ շարասյունով: Երկու կարեւորագույն բաղադրիչներ, որոնք պետք են որեւէ տարածք պահելու համար:

 

Եվրոպան չցանկացավ անմիջականորեն իր սահմանի մոտ հրահրել լայնամասշտաբ պատերազմ: Իսկ Հարավային Կովկասը Եվրոպայի սահմանից հեռու է, առավել եւս որ պատրաստի օջախը կա Սիրիայում, եւ մի փոքր կայծն էլ բավական է, կրակը Հարավային Կովկաս տարածելու համար:
Նավթամուղներն ու գազամուղները խնդիր չեն: Նախ դրանք Արեւմուտքի համար այնքան էլ կենսական չեն, ու բացի այդ էլ՝ դրանց անվտանգության վերաբերյալ միշտ էլ հնարավոր է պայմանավորվել: Ի վերջո, միլիարդների շուրջ աշխարհում շատ ավելի հեշտ են պայմանավորվում, քան մարդկային կյանքերի:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ