Երեկ Սահմանադրական դատարանը` նախագահող Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հրապարակեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը:

 

ՍԴ 64 էջանոց որոշման համաձայն` ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել օրենքի մի շարք դրույթներ:

 

Որոշման հրապարակումից հետո ՍԴ մի շարք անդամներ պարզաբանումներ էին տալիս, և հայտարարում` «Պարտադիր կուտակայինը», այնուամենայնիվ, պետք է գործի մինչև սեպտեմբերի 30-ը:

 

Այսօր` կառավարության հերթական նիստի ընթացքում, վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ, որ օրենքը պետք է գործի մինչև սեպտեմբերի 30-ը:

 

«Միայն Գագիկ Հարությունյանի կոնտորան կարող էր կայացնել այնպիսի վճիռ, որ երեկվանից երկրի ողջ իրավաբանական ներուժը չի կարողանում հասկանալ` ի վերջո պարտադիր դրույթը կասեցվել է, թե ոչ: Լուրեր.com-ի հետ զրույցում` անդրադառնալով «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի ՍԴ որոշմանը և Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Նիկոլո Պագանինին իր վիրտուոզությամբ գլուխը պատին է տվել Գագիկ Հարությունյանի համեմամատությամբ: Ես` որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ Սահմանադրական դատարանը հանդես գա իր 64 էջանոց հիերոգլիֆի պարզաբանմամբ, որպեսզի ՀՀ քաղաքացին հասկանա` պարտադիր դրույթը ի վերջո կասեցվել է, թե ոչ: Այլապես, այստեղ տեղին է նկատել, որ Հրայր Թովմասյանը ճիշտ էր նկատել, որ ՍԴ-ն կայացրել է վճիռ, որը ով ինչպես ուզեց հասկացավ»,- ասաց Զոհրաբյանը:

 

Անդրադառալով ԲՀԿ-ի առաջիկա քայլերին`  Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ ՍԴ-ն կհստակեցնի իր որոշումը, այդ ժամանակ էլ չորս ոչ իշխանական ուժերը հանդես կգան հայտարարությամբ:

 

«Երեկվանից ՍԴ մի շարք անդամներ խուճապահար տարբեր հեռուստաընկերություններով իրար հակասող հայտարարություններ էին անում: Այնպես որ ես սպասում եմ` ՍԴ-ն վերծանի իր 64 էջանոց որոշումը և հստակեցնի պարտադիր դրույթը կասեցվելու է, թե ոչ: Մենք սպասում ենք ՍԴ-ի` իրենց իսկ վճռի վերծանմանը»,- ասաց Զոհրաբյանը:

 

 

Գայանե Համբարձումյան