Քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային գրանցման նոր համակարգի գործարկումը Հայաստանի քաղաքացիներին կազատի հերթ կանգնելուց, փաստաթղթերում առկա տառասխաներից, տարբեր պետական ցուցակներում «մեռած հոգիների» առկայությունից և այլ խնդիրներից: Ապրիլի 3-ին հրավիրած ասուլիսում այդ մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա հավաստմամբ՝ ՔԿԱԳ բարեփոխումների ոլորտում նախարարությունը հետևողական է լինելու և քայլերը շատ առաջ են գնալու էլեկտրոնային համակարգի ապահովման հարցում: Նախարարը նկատեց, որ մեզանում շատերը բախվում են խնդիրների ու հերթերի ինչ-որ տեղեկանք ստանալու համար, շատ մարդկանց անձը հաստատող փաստաթղթերում նկատվում են տառասխալներ և այլ անճշտություններ: «Այս համակարգի ներդրմամբ մենք այս ամեն ինչից կձերբազատվենք: Մենք թվայնացնելու ենք մեր բոլոր հին բազաները՝ առաջին հերթին, ամուսնությունների հետ կապված»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ իսպառ կբացառվի ընտրողների ցուցակում «մեռած հոգիների» առկայության հնարավորությունը: Սոցիալական ապահովության ցուցակներում կզրոյացվի մահացած մարդկանց անունների հայտնվելու հավանականությունը:
ՀՀ կառավարությունն իր ապրիլի 3-ի նիստում հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Այժմ գործում է ՔԿԱԳ թղթային համակարգ, կիրառվում թղթային գրանցամատյան, փաստաթղթերը և դիմումները պատրաստվում են ձեռագիր:
Եվրամիության աջակցությամբ մշակվել և փորձարկվել է ծրագրային ապահովում և էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երևան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում և Գյումրիում: Նշված համակարգի ներդրումը ՀՀ ամբողջ տարածքում նախատեսվում է ավարտել 2014թ. մայիս-հունիսին: