ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը մեկնաբանել է ընդդիմության ներկայացուցիչների այն տեսակետը, թե իշխանության վարչական ու ֆինանսական լծակներով ստեղծված ընտրակեղծիքների մեքենան անխոցելի է:

«Իսկ ո՞վ է ասում, որ դա անխոցելի տարբերակ է, ընդդիմությու՞նը, որի ներսում մարդիկ իրար միս են ուտում: Դա թույլ և պարտված մարդկանց բացատրություն է, դա ընդամենը պատճառաբանություն է ընդդիմության կողմից: Հետո ես այնքան էլ վստահ չեմ, որ իշխանությունները այս ընտրություններին նախորդների պես կգնան լայնամասշտաբ ընտրակեղծիքների: Այդ ձայները միշտ կեղծել են մարզպետները, քաղաքապետերը: Վերջիններս այս անգամ հստակ տեսնում են, որ Սերժ Սարգսյանը չունի ընկեր Պուտինի «դաբրոն», իսկ դա նշանակում է, որ նրանք հանուն Սերժ Սարգսյանի, չեն գնա ընտրակեղծիքների, քանի որ նրանք «դաբրոյով» ապրող մարդիկ են: Անցյալ ընտրություններին այդ «դաբրոն» եղել է, դրա համար էլ կեղծել են: Իհարկե այդ մարդիկ գնում են ՀՀԿ համագումարին, ծափ են տալիս, բայց եթե ուշադիր նայեք այդ համագումարի մասնակիցներին, ապա կնկատեք, որ նրանց աչքերը խամրած են, էլ հավատ չկա նրանց հայացքներում»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Նրա խոսքով' ուշագրավ է այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին այդքան սպասեց իշխանությունը, իսկ նա չեկավ. «Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի բանաստեղծությունը.«Գարուն եկավ' դու չեկար, ամառ, եկավ' դու չեկար, ե՞րբ է գալու տարվա հինգերորդ եղանակը»: Հանրապետականները օգոստոսին սպասեցին Պուտինի այցին, սեպտեմբերի ու հոկտեմբերին սպասեցին նրա այցին, չեկավ, հետո ասացին դեկտեմբերին պետք է հաստատ գա, քանի որ Թուրքիա էլ պետք է մեկնի: Պուտինը գնաց Թուրքիա, բայց Հայաստան այդպես էլ չեկավ: Հիմա էլ Հայլուրն է հայտնում, որ Պուտինը հունվարի կեսերին է գալու Հայաստան: Հիմա Հանրապետական տղաները բոլորը Սևակի բանաստեղծությունն են արտասանում»:

Անդրադառնալով հասարակական այն կարծիքներին, որ նախագահի ընտրություններում առաջադրվում են անհայտ մարդիկ, ովքեր քաղաքական կենսագրություն չունեն, Վարդան Սեդրակյանը հակադարձեց. «Դե ցույց տվեք Ազգային Ժողովում խոշոր քաղաքական գործիչների: Խոշորությունն ինչո՞ւմ է երևում. Վարդան Օսկանյանի ու Լևոն Զուրաբյանի գաղտնի խոսակցության մե՞ջ, երբ ասում են' 7-10 տոկոս պիտի հավաքենք, որ ռեժիմից մի բան պոկենք: «Խոշոր»-ը պայմանական հասկացություն է, խոշոր քաղաքական գործիչը նաև իրենից մի ինչ-որ բան պետք է ներկայացնի»:

Ինչ վերաբերում է քաղաքական կենսագրությանը, ապա էպոսագետի համոզմամբ' դա խոշոր հաղթաթուղթ է, և որևէ մեկը չի կարող մեղադրել իրեն, որ նախկինում մի բան է ասել, իսկ հիմա այլ բան է ասում, կամ որ նախկինում կուսակցություններ ու պաշտոններ է փոխել:

«Եկեք ընդունենք այն ճշմարտությունը, որ ժողովուրդը զզված է բոլոր թե իշխող, թե ընդդիմադիր կուսակցություններից ու նրանց գործիչներից: Իմ պարագայում իմ անցյալը կարող է մեծ հաղթաթուղթ լինել, քանի որ նախկին նախագահների օրոք որևէ բարձր պաշտոն չեմ զբաղեցրել»,- ասում է էպոսագետը:

Նախընտրական հեռուստաբանավեճին Վարդան Սեդրակյանը հաճույքով կմասնակցի, եթե դա լինի Սերժ Սարգսյանը, մյուսները էպոսագետի համար հետաքրքիր չեն: Րաֆֆի Հովհաննիսյանին նա լուրջ չի ընկալում, որովհետև վերջինս խոսում է քաղաքական լուրջ բաներից, բայց վերջում պարզվում է, որ ընտրագրավ էլ չունի:Էպոսագետը կարծիք հայտնեց, որ Ր.Հովհաննիսյանը մասնակցում է ընտրություններին իր ֆինանսական վիճակը բարելավվելու նպատակով:

«Իսկ Հրանտ Բագրատյանի հետ ի՞նչ բանավիճես: Նա լավ տնտեսագետ է,նա ուժեղ նախագահի մոտ կարող է վարչապետ աշխատել: Նա քաղաքական գործիչ չէ, քանի որ լինել քաղաքական գործիչ, նշանակում է պատասխանատվություն վերցնել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության համար»,- կարծիք հայտնեց նա:

Սերժ Սարգսյանի հետ բանավեճը, ըստ էպոսագետի դժվար կլինի, քանի որ նա միշտ գործել է դրսի հրամաններով և սեփական կարծիքը չունի, հատկապես ռուս-օսական պատերազմից հետո Սերժ Սարգսյանը պարզ ցույց է տվել, որ ինքը սպասարկում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական շահերը:

«Ես հասկանում եմ, որ Հայաստանը չէր կարող ճանաչել Աբխազիայի անկախությունը: Բայց դա չէր նշանակում, որ նա պետք է գնար Թբիլիսի և պաշտոնապես հայտարարեր, որ Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Դա միայն ամերիկյան քաղաքականության ազդեցության արդյունքն էր: Իսկ ես նախագահ դառնալուց հետո Աբխազիան ու Օսեթիան ճանաչելու եմ անկախ պետություններ»,- զրույցը եզրափակեց նախագահի թեկնածուն:

Մելանյա Մելքումյան