Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է երիտասարդության խնդիրները վեր հանելու և դրանց լուծում տալու քայլեր ձեռնարկի, որոնք պետք է լինեն ոչ թե ուշացած, այլ առաջանցիկ: Այս մասին Ծաղկաձորում անցկացվող «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: «Ժամանակակից աշխարհում մարտահրավերները շատ են հատկապես երիտասարդների համար: Ուստի, մենք պետք է այնպես անենք, որ արագ փոփոխվող աշխարհում երիտասարդության խնդիրներին լուծում տալու մեր ծրագրերը ուշացած չլինեն»,-ասաց Քարամյանը:
Նա նշեց, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, նախարարությունը փաստարկված քաղաքականություն է իրականացնում, որի միջոցով փորձում է վեր հանել երիտասարդության խնդիրները: «Նախարարությունում ստեղծվել է երիտասարդների խնդիրների ուսումնասիրության կենտրոն, որը եռամսյակը մեկ ուսումնասիրություններ է անցկացնում՝ պարզելու համար, թե ինչ խնդիրներ ունեն երիտասարդները և ինչ հարցեր են նրանց ամենից շատ հուզում»,- պարզաբանեց Քարամյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդության հիմնախնդիրները հիմնականում երեք մասի կարելի է բաժանել: Առաջին և ամենասուր խնդիրը զբաղվածության խնդիրն է: «Այսօր մեր երկրում երիտասարդների համար շատ դժվար է աշխատանք գտնելը, և սա ամենասուր խնդիրներից մեկն է, որ հետապնդում է երիտասարդությանը»,- ասաց նա:
Երկրորդ խնդիրը որակյալ կրթության ստացումն է: Քարամյանի խոսքով' երիտասարդը պետք է այնպիսի կրթություն ստանա, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի աշխատանք գտնելը: Երրորդը' սոցիալական խնդիրներն են, որոնք բխում են և' առաջինից, և' երկրորդից:
Քարամյանն ընդգծեց, որ այս խնդիրները լուծելու համար միայն սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը չի կարող լուծել: Դրա համար անհրաժեշտ է միջգերատեսչական արդյունավետ աշխատանք տանել: