Թուրքիայում բանտարկված հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը, ով Շիրինջեի իր հողատարածքում ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով գտնվում է բանտում, թուրքական «Հուրիեթ» պարբերականին պատմել է բանտային իր պայմանների, տեղի պաշտոնյաների կողմից իր նկատմամբ վերաբերմունքի մասին: Նիշանյանը նախ անդրադարձել է Թորբալըի բաց բանտում իր հետ տեղի ունեցած իրադարձություններին: «Թորբալըում մի տնօրեն կար, թերևս 40 անգամ ինձ հիշեցրեց. «Դրսում ով ուզում ես եղիր, այստեղ' մեր աչքի առաջ 250 գողից, մարդասպանից, հանցագործից մեկն ես»: Կարծում եմ' ճիշտ էր: Ներսում դու ոչ մեկն ես»,- պատմել է Նիշանյանը:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է լեզվաբանը պատրաստվում իր իրավունքները պաշտպանել, Նիշանյանն ասել է. «Պայքարի համար ուժ է հարկավոր: Բանտում ուժ չունես: Ամբողջ համակարգը կառուցված է քո ուժը կոտրելու վրա»: Անդրադառնալով Թորբալըից հետո տեղափոխված երկու մյուս' փակ բանտերին, լեզվաբանը երկու կալանավայրերն էլ իսկական դժոխք է անվանել: Նիշանյանը նախ խոսել է Բուջայի բանտի մասին, որն իսկական «աղետ» է անվանել: «80 քառակուսի մետրանոց բանտախցում 60 մահճակալ կար, այն դեպքում, երբ այն պետք է նախատեսված լիներ 40 մարդու համար, սակայն փոխարենն այստեղ մնում էին 110-ը»,- պատմել է լեզվաբանը: Բանտախցում գարշահոտություն է տիրել, չի եղել մաքուր ջուր, իսկ բանտարկյալները հաճախ ստիպված են եղել քնել հատակին:

 

Անդրադառնալով մյուս' Ալիաղա Շաքրան փակ բանտին, որտեղ նրան տեղափոխել էին, Նիշանյանն այն «մի այլ տեսակի դժոխք» է անվանել: Շաքրանը մաքրության տեսանկյունից ավելի բարեկարգ է եղել, սակայն այստեղ ևս փոքր խուցերում նախատեսվածից ավելի հանցագործներ են պահվել:

 

Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, գրող, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել է թղթին և հրատարակել գրքերով: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց:

 

Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա Շիրինջեի իր հողամասում կառուցել է մեկհարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Նիշանյանն իր պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Այնուհետև նրան տեղափոխել էին Իզմիրի Բուջա փակ բանտ: Այստեղ նա քնում էր բետոնե հատակին: Սակայն կարճ ժամանակ անց Նիշանյանի բանտային ոդիսականը շարունակվել է, և վերջինիս տեղափոխել են Ալիաղայի փակ բանտ: Վերջերս սկսվել է ստորագրահավաք' Նիշանյանի բանտային պայմանները բարելավելու և նրա դեմ տեղի ունեցող ճնշումները դադարեցնելու նպատակով: Հիմնվել է նաև «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտե: