Դոնեցկի ժողովրդական Հանրապետության Հանրապետական խորհուրդն ապրիլի 7-ին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ժամանակավոր խաղաղապահ զորակազմ մտցնելու խնդրանքով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Պատգամավորները միաձայն պաշտպանել են Դոնեցկի ժողովրդական Հանրապետության Խորհրդի դիմումը:

 

Մինչ այդ, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, Դոնեցկի մարզային պետական վարչակազմի շենքը գրաված մարդիկ ժողով են անցկացրել, որում քվեարկել են այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ինքնիշխանության հռչակագրի օգտին:

 

Հավաքվածները հայտարարել են, որ ընդունված հռչակագիրը հիմք կդառնա Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստեղծման համար:

 

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի անունից կարող է հանդես գալ բացառապես հանրապետության Գերագույն խորհուրդը: Առավել կարևոր պետական հարցերը, որոնք կապված են հանրապետության զարգացման, մյուս պետությունների հետ փոխհարաբերությունների հետ, կդրվեն համաժողովրդական քննարկման կամ հանրաքվեի»,-ասված է փաստաթղթի տեքստում:

 

Ուկրաինական հեռուստաալիքների լրագրողներին թույլ չեն տվել մտնել մարզի վարչակազմի շենք: